
Այսօր մեր տարածաշրջանում ոչ մեկին պետք չեն հուզումներ ու անկայունություն. Վրաստանի ԱԳՆ
Ասել, որ Վրաստանը, իբր, կորցնում է իր տարանցիկ գործառույթը, անլուրջ է․ Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են Վրաստանի դերն ու կարևորությունը, և արհեստականորեն ավելորդ մրցակցությունը խթանելու փորձերն անհիմն են։
Նախարարը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ կապերի քննարկման ժամանակ անհնար է հաշվի չառնել Վրաստանի աշխարհագրական դիրքը և նշանակությունը։
«Վրաստանի համար դժվար է կատարել այս գործառույթն առանց իր անմիջական հարևանների։ Հետևաբար, առաջին հերթին, մենք պետք է շարունակենք զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ», – հավելել է Բոճորիշվիլին։
Արտգործնախարարն ընդգծել է, որ հարևան պետությունների և Կենտրոնական Ասիայի երկրների հետ դինամիկ համագործակցությունն օգուտ կբերի Վրաստանին և որոշ չափով կապահովի երկրի կայունությունը։
«Այսօր մեր տարածաշրջանում ոչ մեկին պետք չեն հուզումներ ու անկայունություն։ Այս փոքր տարածաշրջանը կենսական նշանակություն ունի այս պահին։ Մենք պետք է ճիշտ օգտագործենք այս ներուժը, և այդ պատճառով էլ մենք պահպանում ենք կայունությունը Վրաստանում», – նշել է նա։


