
Մարդու ուղեղը չի անջատվում անզգայացման ժամանակ․ հետազոտություն
Նոր ուսումնասիրության համաձայն՝ նույնիսկ անզգայացման ժամանակ ուղեղի որոշ հատվածներ շարունակում են ակտիվ մնալ և կարողանում են ճանաչել խոսքը․ գրում է Euronews-ը։
Nature ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նեյրոնային շղթաները շարունակում են կոդավորել և արձագանքել խթաններին նույնիսկ մարդու՝ անգիտակից վիճակում։
«Նույնիսկ երբ մարդը լիովին անզգայացած վիճակում է, նրա ուղեղը շարունակում է վերլուծել շրջապատող աշխարհը», – ասել է Բեյլորի բժշկական քոլեջում կատարված ուսումնասիրության համահեղինակ Սամիր Շեթը։
Հետազոտողներն ուսումնասիրել են էպիլեպսիայի համար վիրահատության ենթարկված 7 մարդու, որոնց քունքային բլթի մի մասը հեռացվել էր՝ նոպաները վերահսկելու համար: Առաջին փորձարկման ժամանակ բուժառուների համար միացվել է նույնական տոների հաջորդականություն, որը երբեմն ընդհատվում էր մեկ այլ տոնով։ Նեյրոնների մոտ 71%-ն արձագանքել է ձայներին, ինչը ենթադրում է, որ ուղեղը գրանցում է հնչող տոները, իսկ նեյրոնների 25%-ը ոչ միայն գրանցել է ձայները, այլ նաև նկատել, թե երբ է օրինաչափությունը փոխվում և հայտնվում այլ տոն։
Մեկ այլ փորձարկման ժամանակ հետազոտողները փոդքասթներ են միացրել 4 բուժառուների համար։ Պարզվել է, որ ուղեղը խոսքը մշակում է իրական ժամանակում՝ արձագանքելով առանձին բառերին։ Պարզվել է նաև, որ ուղեղը, նույնիսկ անգիտակից վիճակում, կարողանում էր կանխատեսել, թե ինչ բառեր են հաջորդելու՝ հիմնվելով նախորդ համատեքստի վրա։ Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ՝ անզգայացման ժամանակ ուղեղի ակտիվությունն ավելի լավ հասկանալու համար։


