
Հանտավիրուսի հայտնաբերումից առաջ MV Hondius զբոսանավից իջած ուղևորները հսկողության տակ են առնվել․ Reuters
MV Hondius զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկումից հետո աշխարհի տարբեր երկրներ փորձում են կանխել վարակի հետագա տարածումը՝ հետևելով այն ուղևորներին, որոնք իջել էին նավից, մինչև վիրուսի հայտնաբերումը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր սերտ շփում են ունեցել այդ ուղևորների հետ․ գրում է Reuters գործակալությունը։
Զբոսանավի վրա բռնկման հետևանքով մահացել է 3 մարդ՝ հոլանդացի զույգ և Գերմանիայի քաղաքացի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ ընդհանուր առմամբ 5 մարդու մոտ հաստատվել է վիրուսով վարակվելու դեպք, ևս 3-ի մոտ կասկածվում է վիրուսի առկայություն։
Նավի օպերատոր ընկերությունը հայտնել է, որ կապ է հաստատվել Սուրբ Հեղինե կղզում ապրիլի 24-ին կանգ առած նավի բոլոր ուղևորների հետ։ Զբոսանավի ուղևորներն առնվազն 12 երկրից են։
Զբոսանավն ուղևորվում է Կանարյան կղզիներ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ուղևորներից ոչ մեկը ներկայում վիրուսի որևէ ախտանիշ չունի։
Հիշեցնենք, որ հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել մարդուց մարդուն։


