11 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանտավիրուսի բռնկումից տուժած զբոսանավի ուղևորները վերջապես տարհանվում են․ ի՞նչ է հայտնի ուղևորների վիճակի մասին

Հանտավիրուսի բռնկումից տուժած զբոսանավի ուղևորները վերջապես տարհանվում են․ ի՞նչ է հայտնի ուղևորների վիճակի մասին

Հանտավիրուսի բռնկումից տուժած MV Hondius զբոսանավի ուղևորների տարհանումը կավարտվի երկուշաբթի․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարին։

Տարհանման համար Ավստրալիայից և Նիդեռլանդներից ինքնաթիռներ կուղարկվեն։

Պաշտոնյաները հայտնել են, որ Ավստրալիայից մեկնող մեկ չվերթով 6 ուղևոր կտարհանվի իսպանական Թեներիֆե կղզուց, իսկ Նիդեռլանդներից մեկնող մեկ այլ չվերթ կտեղափոխի 18 ուղևորի։

Ինքնաթիռները կտեղափոխեն ոչ միայն Ավստրալիայի և Նիդեռլանդների քաղաքացիների, այլ նաև մարդկանց այն երկրներից, որոնք ինքնաթիռներ չեն ուղարկել իրենց քաղաքացիներին տարհանելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուրբաթ հրապարակած հաշվետվության համաձայն՝ նավից արդեն իսկ իջած 8 մարդ հիվանդացել է․ նրանցից 6-ի մոտ հաստատվել է վիրուսի առկայություն։ Երեքը՝ հոլանդացի զույգ և Գերմանիայի քաղաքացի, մահացել են։

Կիրակի ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նավից վերադարձող 17 ամերիկացիներից մեկի մոտ վիրուսի Անդերի շտամ է հայտնաբերվել, իսկ մյուսի մոտ առկա են թույլ ախտանշաններ։

Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ ֆրանսիացի ուղևորի մոտ վիրուսի թեստի դրական արդյունք է արձանագրվել․ նրա առողջական վիճակը վատթարանում է։ Պարզ չէ՝ այս երկու դեպքերը ներառվա՞ծ են ԱՀԿ-ի հաղորդած 6 դեպքի մեջ, թե՞ ոչ։

Զբոսանավը տեղափոխում էր 147 ուղևոր։ Նավի վրա վիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է մայիսի 2-ին այն բանից հետո, երբ Յոհաննեսբուրգի առողջապահության պաշտոնյաները հայտնեցին, որ նավը լքած բրիտանացի տղամարդ է տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Դեպքից երեք շաբաթ առաջ նավի մեկ այլ ուղևոր էր մահացել։

Մայիսի 3-ին ԱՀԿ-ին առաջին անգամ հաղորդվել է ուղևորների շրջանում շնչառական ծանր հիվանդությունների մասին։ Այդ ժամանակ արդեն իսկ 34 ուղևոր լքել էր նավը։

MV Hondius զբոսանավը մարտին շարժվել էր Արգենտինայից՝ կանգառներ կատարելով Անտարկտիդայում և այլ վայրերում, շարժվելով հյուսիս՝ դեպի Աֆրիկայի արևմուտքում գտնվող Կաբո Վերդեի ջրերը։ Շքեղ զբոսանավը չորեքշաբթի Կաբո Վերդեի ափից մեկնել է Իսպանիայի Կանարյան կղզիներ, այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն և ԵՄ-ն խնդրել են Մադրիդին կազմակերպել ուղևորների տարհանումը։

Հիշեցնենք, որ հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, հազվադեպ դեպքերում նաև մարդուց մարդուն՝ սերտ շփման ժամանակ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026