
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը. հայտնում են ԿԳՄՍ-ից։
«Թանգարանների օրվա շրջանակում մայիսի 16-ին կանցկացվի նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։
Մայիսի 16-ին ծրագրին միացած թանգարաններն անվճար կընդունեն այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ը, իսկ մայիսի 18-ին՝ ըստ հիմնական այցելության ժամերի:
Թանգարանների միջազգային օրը սահմանել է Թանգարանների միջազգային խորհուրդը՝ 1977-ին։ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ»,- ասված է հաղորդագրությունում։


