13 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
20․000-ով պակասել է Սյունիքի բնակչությունը

20․000-ով պակասել է Սյունիքի բնակչությունը

20․000 հոգով կտրուկ նվազել է Սյունիքի բնակչությունը՝ 2022-ի 134 հազարից հասնելով 114-116 հազարի։ Բնակչության ամենամեծ հատվածն արտահոսել է Կապանի շրջանից՝ շուրջ 22 տոկոս։ Նվազման միտումը կա դեռ 2018 թվականից՝ 138, 137, 134, ապա կտրուկ՝ 114 հազար։ 1 տարում նման կտրուկ արտագաղթի պատճառը Ջերմուկի դեպքերն են և անվտագային խնդիրները․ սյունեցի պատգամավորն է բարձրաձայնում։

Փորձագետներն ասում են՝ Սյունեցիներին պահում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հենց կոմբինատի շնորհիվ է, որ մարզն աղքատության մակարդակով Հայաստանում զիջում է մյուսներին։ Աշխատատեղերի հիմնական քանակն այստեղ է՝ ավելի քան 4600։ Յուրաքանչյուր ռիսկ կարող է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ռազմավարական նշանակության մարզերից մեկին։ Այդ ռիսկերից մեկը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության հետևողական թիրախավորումն է, – ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, – իսկ դա արվում է այսպես կոչված բնապահպան գաստրալյուրների պարբերական ակտիվությամբ։

Այս ամենից զատ, Սյունիքում փակվում է ևս 50 դպրոց․ այլ դպրոցների հետ են միավորում։ Սահմանամերձ Դավիթ Բեկը, որի բնակչությունը մոտ 700 է՝ Կապան համայնքի ամենաշատ բնակչություն ունեցող գյուղն է։ Դպրոցում մոտ 50 աշակերտ է սովորում և Սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ այս ու մյուս դպրոցների փակումը խիստ բացասաբար է ազդելու դեմոգրաֆիական վիճակի վրա։

Այդուհանդերձ՝ սյունեցիները չեն ցանկանում լքել գյուղերը։ Դա ցույց է տալիս սահմանամերձ գյուղերի բնակչությունը․ Արծվանիկ, Դավիթ բեկ, Ծավ, Եղվարդ, Ճակատեն։ Բնակչությունն այս գյուղերում 200-600 է։ Դա պայմանավորված է ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաև իրենց հող ու ջրի հետ կապվածությամբ, – Գրիգորյանն է փաստում, հավելելով՝ գյուղացիներին մարզում պահելու համար տնտեսական լավ պայմաններ պետք է ստեղծել։

Իսկ այդպիսի պայմաններ չկան, ավելին՝ Թրիփի հնարավոր գործարկումը, դպրոցների փակումը, պղնձամոլիբդենային գործարանի որոշ խնդիրներ նպաստում են, որ սյունեցիները լքեն մարզը։ ԶՊՄԿ-ն՝ երբեմնի ամենախոշոր հարկատուն երկրորդ տարին անընդմեջ հարկատուների ցանկում 3-րդն է։ Գործարանի ղեկավարությունն ամիսներ առաջ էր բարձրաձայնել՝ հանքային ռեսուրսների ուղղությամբ ներդրումների կարիք կա։

Կոմբինատի մամուլի բաժնից նշեցին ՏԿԵ նախարարությունից նախորդ տարվա Հանքարդյունաբերական ֆորումին խոստացան՝ 2027-ին երկրաբանահետախուզական ծառայություն ստեղծել։

Այսպիսով՝ Սյունիքի բնակչությունը, չնայած վերջին 2 տարիներին որոշակի աճման միտում ունի՝ 114 հազարից հասել է 116 հազարի, այդուհանդերձ՝ 2022-2023-ի կտրուկ, շուրջ 20․000-ով նվազումը, զրուցակիցներիս կարծիքով, դժվար թե հաջորդող 8 տարում հնարավոր լինի կոմպենսացնել։ Անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ոլորտներում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026