
Համաճարակի վտանգ՝ Մալաթիայի բակերում ու նկուղներում
Մալաթիա-Սեբաստիայի 179 հիմնական դպրոցի բակն է․ տարիներ շարունակ այստեղ կուտակվում է դիմացի շենքերի կոյուղատարների պարունակությունը։ Վերևից, ջրվեժի նման հոսելով, կոյուղաջրերի վերջին կանգառը դառնում է դպրոցի բակը։ Աշակերտներն ու տարածքով անցնող մարդիկ տարբերակներ են փնտրում՝ գոյացած կեղտաջրի լիճը շրջանցելու համար։
Դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն ասում է՝ դիմել են քաղաքապետարանից մինչև «Վեոլիա ջուր»․ տարիներ ի վեր կրկնվող խնդիրը միայն ժամանակավոր լուծում է ստանում՝ մի քանի ամսով։
Ջուրը կուտակվելուց հետո պարբերաբար քաղաքապետարանը աշխատակիցներ է ուղարկում, մաքրում տարածքը։ Մաքրող աշխատակիցները կոյուղուց հանել են զուգագուլպաներ, անգամ դանակ և պատառաքաղ, ասում է դպրոցի նախկին տնտեսվարը։
Հարակից ավտոտնակի տակ եղած կոյուղատարի վերջին վթարն ավելի է բարդացրել վիճակը, բայց խնդիրը նոր չէ։


