
ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է Հայաստանին մի քանի միլիարդ դոլար արժենալ․ Baza
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը կարող է երկրին արժենալ առնվազն 5 միլիարդ դոլար և հանգեցնել զգալի տնտեսական վնասների․ գրում է Baza տելեգրամյան ալիքը՝ հղում անելով փորձագետների գնահատականներին։
Ռիսկի հիմնական գործոններից մեկը գազի գների հնարավոր բարձրացումն է. Հայաստանն այժմ ռուսական գազ է ստանում մոտավորապես 177,5 դոլար զեղչված գնով՝ 1000 խորանարդ մետրի համար։ Սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո գինը կարող է բարձրանալ մինչև եվրոպական մակարդակ՝ մոտավորապես 550 դոլար։ Այդ դեպքում երկրի էներգետիկ լրացուցիչ ծախսերը կարող են հասնել տարեկան մոտ 800 միլիոն դոլարի։
Ավելին՝ Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել Ռուսաստան ապրանքների վերաարտահանումից ստացված զգալի եկամուտներ, որոնք վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ են ապահովել։
Լուրջ հետևանքները կարող են ազդել նաև արտահանման ոլորտի վրա. հայկական ապրանքների զգալի մասը նախատեսված է ռուսական շուկայի համար, և եթե տնտեսական կապերը խզվեն, պարզ չէ, թե արդյո՞ք արագ կգտնվեն այլընտրանքային գնորդներ։ Նույնիսկ եթե մատակարարումները պահպանվեն, մաքսատուրքերի ներդրումը կարող է հարվածել հիմնական ոլորտներին, այդ թվում՝ կոնյակին, ծխախոտին և գյուղատնտեսական արտադրությանը։ Այս դեպքում լրացուցիչ բիզնես ծախսերը գնահատվում են մոտավորապես 100 միլիոն դոլար:
Առանձին ռիսկի գործոն է մնում աշխատանքային միգրացիայի կանոնակարգերի հնարավոր խստացումը։
ԵԱՏՄ-ին Հայաստանի ապագա մասնակցության վերաբերյալ քննարկումները սրվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հետո, որ Երևանը պետք է որոշում կայացնի՝ խորացնե՞լ համագործակցությունը Եվրամիության հետ, թե՞ պահպանել ներկայիս ինտեգրացիոն կապերը:


