
Նրանք միլիարդավոր դիտումներ են ունենում․ Մաքքարթնին քննադատել է «ինֆլյուենսերային մշակույթը»
Փոլ Մաքքարթնին քննադատել է սոցցանցային «ինֆլյուենսեր մշակույթը»՝ ասելով, որ «մարդիկ, որոնք առանձնապես տաղանդավոր չեն թվում, չափազանց հայտնի են»․ գրում է Daily Mail-ը։
The Beatles խմբի 83-ամյա լեգենդը շոու բիզնեսում է արդեն 6 տասնամյակ․ այդ ընթացքում նա տեսել է՝ ինչպես են տարբեր սերունդների աստղեր հայտնվում ու հեռանում երաժշտական ասպարեզից։
«The Rest Is Entertainment» փոդքասթի ժամանակ երաժիշտը խոսել է այն մասին, թե ինչպես է սոցցանցերի զարգացմանը զուգահեռ փոխվել հայտնիների աշխարհը։ Ի պատասխան հաղորդավարների հարցին, թե 21-րդ դարում ինչն է իրեն ամենաշատը շփոթեցնում, Մաքքարթնին ասել է․ «Կարծում եմ՝ այդ ինֆլուենսերային երևույթը… Ես դա պարզապես չեմ հասկանում, որովհետև այդ սերնդին չեմ պատկանում։ Բայց դա տեսնում եմ. դրանից խուսափել հնարավոր չէ։ Կինս Instagram-ում ինչ-որ բան է նայում և ինձ էլ է ցույց տալիս, ու հանկարծ այդպիսի հրապարակում է հայտնվում ֆիդում»։
«Կարծում եմ՝ դա ծիծաղելի է, և, հավանաբար, միշտ էլ այդպես է եղել, սակայն մարդիկ, որոնք առանձնապես տաղանդավոր չեն թվում, չափազանց հայտնի են․ նրանք միլիարդավոր դիտումներ են ունենում», – հավելել է երաժիշտը։


