
Իսրայելական հեռուստաալիքը Հայաստանը սխալմամբ ներկայացրել է որպես Ադրբեջան
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ Իսրայելի Kan 11 պետական հեռուստաալիքը սխալ է թույլ տվել՝ շփոթելով Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։ Երկու երկրներն էկրանին ցուցադրելիս օգտագործվել է ադրբեջանական դրոշը․ այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:
Նրա խոսքով՝ միջադեպը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում։
Միևնույն ժամանակ, Չերնամորյանը կարծում է, որ տեղի ունեցածը խմբագրական սխալի հետևանք է, ոչ թե միտումնավոր սադրանք: Չերնամորյանը հիշեցրել է Kan 11-ի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին, որ տեղի էր ունեցել 2025 թվականին: Այն ժամանակ «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել: Survivor՝ հենց այսպես ենք մեզ զգում այս երգը լսելուց հետո»: Այդ միջադեպից հետո Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանումների պահանջով: Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ էր ստացել կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազից, որով վերջինս ներողություն էր խնդրում մեկնաբանի արտահայտությունների համար: Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաև հրապարակային ներողությամբ:


