
Ինչի՞ վրա է ծախսվել կամ ծախսվելու «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար» ԵՄ-ի տրամադրած կամ տրամադրելիք միջոցները․ ԱԳՆ-ից պատասխանել են պատգամավորի հարցմանը
Ինչի՞ վրա է ծախսվել կամ ծախսվելու «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար» Եվրամիության տրամադրած կամ տրամադրելիք 12 միլիոն եվրոն. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրապարակել է պատասխանը, որն ստացել է Արտաքին գործերի նախարարությունից։
ԱԳՆ-ից միայն հայտնել են, որ միջոցները տրամադրվել են մասնակիորեն՝ ուղղվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, նաև ՀԿ-ների և անկախ լրագրողների կարողությունների խթանմանը, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար պատգամավորին առաջարկել են դիմել ԵՄ կառույցներին։
Խաչատրյանը կարծում է, որ ԱԳՆ պատասխանը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ «տեղյակ չենք»։
«Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ու՞մ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․ կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզու՞մ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։


