
Դու հայ ժողովրդին ողջ ես պետք, որ պատասխան տաս․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Փաշինյանն առավոտից մի հատ ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել, ու նշում թե իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին վերացնել կամ վրեժ լուծելու համար․ ֆեյսբուքյան եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս տեսանյութը վերցրել է, ընկել է փողոցները, սրան հղում անելով աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում և ընդիմությանը մեղադրում այս քայլերի գործողությունների կամ այդ երևույթի հետ կապ ունենալու կամ պատվիրելու համար։ Ժողովուրդ ջան, այս մարդու մոտ բան չի փոխվել․ նույն ձեռագիրն է ու արդեն վաղուց վառված ձեռագիրը։ Այս նույն այս մարդը նույնն արել է պատերազմից հետո, դիմադրության շարժման ժամանակ, Սրբազան շարժման ժամանակ․ հենց նեղն է ընկնում, ինքը իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում»,- ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ այդ կերպ Փաշինյանը փորձում է վախ սերմանել ժողովրդի մեջ՝ դրանով արդարացնելով ընդդիմության նկատմամբ քայլերն ու բռնությունները։
«Ուրեմն լսի՝ մի քանի առիթով ասել եմ, մեկ անգամ ևս կրկնեմ՝ դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ, մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որովհետև դու պետք ես կենդանի մեր ժողովրդին։ Ինչի՞ համար, որպեսզի դատարաններում պատմես՝ ինչո՞ւ հանձնեցիր Արցախը, ինչո՞ւ շուրջ 5000 մարդու մահվան պատճառ դարձար, ովքեր են քո մեղսակիցները, այս դավաճանությունը ու այս ամեն ինչը մեր ժողովրդի պետության գլխին ինչո՞ւ արեցիր։ Դու մեր ժողովրդին պետք ես կենդանի, վերջացրո՛ւ այդ բեմադրություններիդ ներկայացումը, այս ճանապարհով հաջողության չես հասնել»,-ասել է Սաղաթելյանը։


