
«Հայկական ավիաուղիները» Երեւան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը․ «Հետք»
2025 թ. ապրիլին թռիչքային գործունեությունը ժամանակավոր դադարեցնելուց մեկ տարի անց՝ 2026-ի մայիսի 22-ին, «Հայկական ավիաուղիները» Ստամբուլից Երեւան է տեղափոխել Boeing 737-800 տիպի ինքնաթիռ. գրում է «Հետքը»։
«2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:
Ավիաընկերությունը 2023-2025 թթ. շահագործում էր Airbus A321 տիպի օդանավեր: Նախորդ տարվա մարտի 17-ին օպերատորը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ: 2025-ի մարտին ու ապրիլին «ՀԱՈւ»-ի 2 օդանավերը Երեւանից թռան Թուրքիա, որտեղ ներկայում շահագործվում են:
Տեւական ժամանակ ավիափոխադրողը չուներ ինքնաթիռ, ինչի պատճառով Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 6 ամսով կասեցրեց նրա ՕՇՎ-ի գործողությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ՀԱՈւ»-ն Airbus A321-երի փոխարեն այսուհետ շահագործելու է Boeing 737-800-ներ:
Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:
Եվ ահա 2025-ի աշնանը, այն բանից հետո, երբ «Հայկական ավիաուղիները» կրկին բավարարում էր այս պայմանը, ՔԱԿ-ը վերականգնեց նրա ՕՇՎ-ի գործողությունը»,- նշում է լրատվամիջոցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


