
Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ-ն հարցն «այլ կերպ» կլուծի․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կա՛մ Իրանի հետ կունենա լավ համաձայնագիր, կա՛մ էլ հարցը կլուծի «այլ կերպ»․ գրում է Reuters գործակալությունը։
Ռուբիոն Նյու Դելիում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն լիովին կօգտագործի դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու հնարավորությունները՝ նախքան «այլընտրանքներ» դիտարկելը։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարեց, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է չշտապել Իրանի հետ որևէ համաձայնագրի հարցում։
«Սեղանին բավականին լուրջ առաջարկ կա՝ կապված նեղուցը բացելու, այնտեղ նավարկությունն ապահովելու, ինչպես նաև միջուկային հարցի շուրջ իրական, նշանակալի և ժամանակային առումով սահմանափակ բանակցություններ սկսելու հնարավորության հետ, և հուսով ենք՝ կհաջողվի դա կյանքի կոչել»,- ասել է Ռուբիոն։


