
Վենեսուելացի կալանավորները բողոքի ակցիա են իրականացրել բանտի տանիքին
Վենեսուելայի Բարինաս բանտի կալանավորները կիրակի բողոքի ակցիա են իրականացրել կալանավայրի տանիքին՝ այրելով ներքնակներ և պահանջելով հեռացնել բանտի տնօրենին․ գրում է Reuters գործակալությունը։
«Մենք արդարություն ենք ուզում։ Նրանք՝ պահակներն ու բանտապահները, կրակում են մեզ վրա»,- ասել է բանտարկյալներից մեկը։
Բանտարկյալները պատմել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում, երբ բանտի անձնակազմը կրակ է բացել՝ վիրավորելով մի քանի հոգու։
«Վենեսուելայի բանտի դիտարան» ՀԿ-ի տարածած տեսանյութերում կալանավորները պահանջել են պաշտոնից հեռացնել վերջերս նշանակված բանտի տնօրեն Էլվիս Մակուարե Գերերոյին։
Բանտարկյալների խոսքով՝ բանտապահները խլել են իրենց հագուստը, արգելել են այցելությունները, ինչպես նաև իրենց վրա ճնշում է գործադրվել թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար։


