
Վարորդներն իշխանությանն ու ընդդիմությանը հորդորում են քարոզարշավ անել այդ Եղվարդ տանող մարդաբոյ փոսերի մեջ
Մարդաբոյ փոսերը Հարթավան-Եղվարդ մի քանի կմ հատվածում ամեն օր ավտոմեքենաների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների կոտրվելու պատճառ են դառնում․ վարորդներն իշխանությանն ու ընդդիմությանը հորդորում են քարոզարշավ անել այդ փոսերի մեջ․ գրում է shamshyan.com-ը։
«Վերջին օրերին Հայաստանում ակտիվ քարոզարշավ են իրականացնում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ խոստանում են, որ իրենց թիմը և իրենց վարչապետի թեկնածուն Հայաստանը դարձնելու են դրախտային երկիր։
Այս օրերին shamshyan.com-ը հազարավոր հեռախոսազանգեր է ստանում թե՛ Երևանի, թե՛ մարզերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի բոլոր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ իրենց վարչապետի թեկնածուների հետ, երբ հանդիպումների են գնում ընտրողների հետ, լավ կանեն նաև անցնեն քարուքանդ եղած, վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհներով, ու այդ ժամանակ գուցե, երբ հաջողվի գալ իշխանության, առաջին հերթին զբաղվեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներով։
Այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհին այնքան շատ են փոսերը, այդ թվում՝ մարդաբոյ, որ եթե ցերեկային ժամերին վարորդները նկատում են փոսերը ու կարողանում են խույս տալ դրանցից, ապա գիշերային ժամերին ամեն օր 3-10 ավտոմեքենա վնասվում է։ Կոտրվում են թափարգելները, անվահեծանները, պայթում են անիվները, իսկ Աստված չանի, եթե այդ ճանապարհին հարակից գյուղերում մեկը վատանա՝ շտապօգնությունը մի ժամից ավելի նոր կարողանում է մոտենալ, և պատճառաբանում են, որ փոսերն այնքան շատ են, որ չգիտեն՝ ինչպես անցնեն։
Նույնիսկ եղել է դեպք, երբ շտապօգնության ավտոմեքենան բուժառուի տուն գնալու ճանապարհին վնասվել է, ու ստիպված մեկ այլ շտապօգնություն է ժամանել»,- նշում է կայքը։


