
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասին․ ռուսական մամուլ
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասին՝ Հայաստանի ու ԵՄ-ի մերձեցման ֆոնին․ այս մասին, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ, նշվում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակում։
Թերթի տվյալներով՝ նամակում նշվում է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ Հայաստանի քայլերը և միությանը միանալու ցանկությունը «վտանգում» են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության պահպանումը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին։ Այն նախատեսում է Ռուսաստանից Հայաստան գազի և նավթամթերքի անմաքս մատակարարումներ՝ ներքին սպառման համար բավարար քանակությամբ, առանց երրորդ երկրներ վերաարտահանման իրավունքի։
«РИА Новости»-ն հաշվարկել է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր առևտրաշրջանառության գրեթե 40 տոկոսը։ ԵԱՏՄ-ի հետ Երևանի առևտրաշրջանառությունը 2025 թվականին հասել է 8.2 միլիարդ դոլարի, մինչդեռ մնացած աշխարհի հետ՝ 13.2 միլիարդ դոլարի։ Սա նշանակում է, որ միության հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 38.5 տոկոսը։
«Известия»-ի հետ զրույցում ՀՀ-ի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ ռուս և հայ խորհրդարանականները երկու տարի չեն շփվում, բայց Մոսկվան բաց է երկխոսության համար։
«Ցավոք, մենք չենք աշխատում Հայաստանի խորհրդարանի հետ։ Հենց Հայաստանի խորհրդարանն էր նախաձեռնել սա։ Նրանք չեն երաշխավորում մեր խորհրդարանականների անվտանգությունը, որոնք գտնվում են ԵՄ պատժամիջոցների տակ։ Որպես բարեկամության խմբի ղեկավար՝ ես Խմելնիցկիի դատարանի կողմից դատապարտվել եմ զգալի թվով տարիների ազատազրկման։ Հետևաբար, ոչ ոք չի երաշխավորում իմ անվտանգությունը Հայաստանում, ինչպես նաև իմ գործընկերների», – նշել է խորհրդարանականը։
Նա հավելել է, որ Պետդուման պատրաստ է վերսկսել շփումները, եթե հայկական դիրքորոշումը փոխվի։
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը հայտարարել է, որ Եվրոպական Միության հետ Երևանի մերձեցումը կարող է պատրվակ դառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության շարունակման նպատակահարմարության քննարկման համար։
Ռուս խորհրդարանականները կարող են նախաձեռնել քննարկում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ՝ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին։ Նովիկովը հավելել է, որ Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը փաստացի նշանակում է մերձեցում ՆԱՏՕ-ի հետ: Նա նշել է, որ տրամաբանական հարց է առաջանում ՀԱՊԿ-ում Երևանի կարգավիճակի վերաբերյալ, քանի որ ԵՄ ներկայացուցիչները բացահայտ թշնամանք են դրսևորում Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ:
«Вести»-ի հետ զրույցում էլ ԱՊՀ ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Դուդչակը նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Երևանին գործնականում ոչինչ չի առաջարկի, մինչդեռ ԱՄՆ-ն կարող է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Դուդչակի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին։


