
Ընտրությունների ընթացքում խախտումները լայնածավալ են եղել և ազդեցություն են ունեցել ընտրողների կամքի վրա. Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան»-ը բողոքարկել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով արձանագրված խախտումների ծավալը․ այսօր կուսակցության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց սահմանադրագետ, կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած գնահատականներին։
«Ասեմ ավելին՝ արձանագրվել է նաև այն հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստան»-ը բողոքարկել է ընտրության արդյունքները և առաջարկել է չընդունել դրանք՝ հաշվի առնելով խախտումների ծավալը։ Այդ մասին արձանագրել են թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե՛ Սահմանադրական դատարանը»,-ասաց Մելոյանը։
Նա նշեց, որ իրենց գնահատմամբ՝ ընտրական գործընթացի լեգիտիմության հետ կապված խնդիրների մասին իրենք հայտարարել են ի սկզբանե, և դրանց դեմ պայքարել են իրավական գործիքներով։
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ խնդիր կա գործընթացի լեգիտիմության հետ, և բոլոր հնարավոր իրավական գործիքակազմերով պայքարել ենք դրա դեմ՝ պնդմամբ, որ խախտումները լայնածավալ են», – նշեց սահմանադրագետը։
Մելոյանը խոսեց նաև ընտրական գործընթացում հնարավոր թիրախավորված գործողությունների մասին։ Նրա խոսքով՝ զեկույցում նշվում է, որ թիրախավորված է եղել ընդդիմությունը։ Նա նաև հայտնեց, որ որպես «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում՝ առաջարկել է դիմել Հակակոռուպցիոն կոմիտե և պարզել, թե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից յուրաքանչյուրի նկատմամբ քանի՞ օպերատիվ-հետախուզական միջոցառում է իրականացվել։ Մելոյանի խոսքով՝ այդ միջնորդությունը մերժվել է։
Անդրադառնալով վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահմանը՝ սահմանադրագետը նշեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և թոշակների բարձրացման օրինակները։
«Մենք շատ ուրախ ենք, կողմ ենք նման բարեփոխումներին, որոնք մեր քաղաքացիների կյանքի վրա լավ ազդեցություն են ունենում, բայց այդ փոփոխությունները կարելի է ոչ թե ընտրությունների նախաշեմին իրականացնել, այլ այս քաղաքական ուժը շուրջ 8 տարի ուներ նման փոփոխությունների համար», – ասաց նա։
Մելոյանի գնահատմամբ՝ ընտրությունների նախաշեմին սոցիալական վճարների փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ ընտրողների կամքի վրա։
Նա անդրադարձավ նաև Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը՝ պնդելով, որ զեկույցում արձանագրվել են ընդդիմության ոչ համաչափ լուսաբանման և թիրախավորման դեպքեր։


