
«Ռոսատոմ»-ի ղեկավարը Երևանին զգուշացրել է ռուսական միջուկային տեխնոլոգիաներից հրաժարվելու հետևանքների մասին
«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական միջուկային տեխնոլոգիաներից, ապա կարող է կորցնել ատոմային էներգետիկայի ոլորտում կուտակած մասնագիտական կարողությունները․ գրում է ռուսական է «Известия»-ն։
Պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանը Կովկասում միակ երկիրն է, որն ունի ատոմային էներգետիկա և դրա միջոցով ապահովում է երկրի էներգահամակարգի կայունությունն ու էներգամատակարարումը։ Նրա խոսքով՝ այդ համակարգից հրաժարվելն ու ոլորտը կորցնելը կլինի տնտեսապես ոչ գրագետ քայլ։
Լիխաչովը ընդգծել է, որ Երևանը 2026-2027 թվականներին պետք է որոշի, թե 2036-ից հետո ո՞ւմ հետ է շարունակելու ատոմային էներգետիկայի զարգացումը։ Նա նշել է, որ աշխարհում փաստացի գոյություն ունի հիմնական երկու միջուկային տեխնոլոգիական դպրոց՝ ամերիկյանը և խորհրդայինը․ վերջինս հետագայում դարձել է ռուսական։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ընտրի ամերիկյան տեխնոլոգիաները, ապա ստիպված կլինի ամբողջությամբ վերափոխել կադրերի պատրաստման համակարգն ու շահագործման փորձը։
Լիխաչովը նաև կասկած է հայտնել ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների պատրաստության վերաբերյալ՝ ասելով, որ աշխարհում դեռևս չկա նմանատիպ գործող կամ կառուցվող նախագիծ։


