
Թուրքիայում ապրող ծպտյալ հույների ճակատագրի մասին ֆիլմ է ցուցադրվել ՀՑԹԻ-ում
Մայիսի 19-ին, որը Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, Ալավերդու հունական համայնքի բակում հարգանքի տուրք է մատուցվել այդ մեծագույն ողբերգության զոհերի հիշատակին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը․ հայտնում են ՀՑԹԻ-ից։
«Մի քանի օր անց՝ մայիսի 23-ին ՀՑԹԻ-ում ցուցադրվեց թուրք ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուի «Ամպերին սպասելով» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է Թուրքիայում ապրող ծպտյալ հույների ճակատագրի մասին՝ անդրադառնալով ինքնության, հիշողության և լռության ծանր թեմաներին։ Ցուցադրությանը ներկա էին Հայաստանի հունական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա բարձր է գնահատել մեր երկրի կյանքում հույն համայնքի դերակատարումը, անդրադարձել Պոնտոսի տարածաշրջանում ապրող հույն ժողովրդի ճակատագրի ողբերգական էջերին, հիշատակել մշակութային և կրոնական այն վայրերն ու կոթողները, որոնք այսօր այլևս չեն պատկանում իրենց երբեմնի տերերին, կարևորել հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսն իր խոսքում շնորհակալություն է հայտնել արդեն ավանդույթ դարձած միջոցառման համար, նշել, որ պատմության դասերը պետք է միտված լինեն ավելի ապահով ու խաղաղ ապագային և նման ողբերգությունների բացառմանը:
Մինչ ֆիլմի մեկնարկը ելույթ է ունեցել նաև ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը։ Նա ընդգծել է, որ հայ և հույն ժողովուրդները, իրենց պատմության մեջ կրելով ցեղասպանության ծանր փորձառությունը, մշտապես եղել են միմյանց կողքին»,- ասված է հաղորդագրությունում։


