
Հս․ Կորեայի ապամիջուկայնացում երբեք չի լինի․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երկրի ապամիջուկայնացում երբեք չի լինի։
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ զենքերի վերջին փորձարկումները ներառել են տարբեր համակարգեր, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող թևավոր հրթիռ, որը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախատեսում է տեղակայել Հարավային Կորեայի հետ առաջնագծում․ գրում է Associated Press-ը։
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների այս հաղորդագրությունը հրապարակվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի բանակը հայտնեց, որ Հյուսիսն իր արևմտյան ջրերի ուղղությամբ արձակել է մի քանի արկ, այդ թվում՝ առնվազն մոտ հեռահարության 1 բալիստիկ հրթիռ։
Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի առաջնորդը վերահսկել է երեքշաբթի արված փորձարկումները։ Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընը կոչ է արել ջանքեր գործադրել երկրի հրետանային ուժերն արդիականացնելու համար, որպեսզի «ոչ ոք չկարողանա համեմատվել» իրենց հետ։


