
Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ հարձակում ծրագրած ավստրիացին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Ավստրիայի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 21-ամյա տղամարդուն, որն ընդունել է, որ 2024 թվականին Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ հարձակում էր պլանավորել․ գրում է Reuters գործակալությունը։
Տղամարդը մեղավոր է ճանաչվել տարբեր, հիմնականում ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար։ Բերան Ա.-ն, որի ազգանունը չի հրապարակվել, համաձայն Ավստրիայի գաղտնիության կանոնների, ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 7-ին՝ ամերիկացի փոփ աստղի՝ Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված համերգներից մեկ օր առաջ։ Արդյունքում նախատեսված երեք համերգներն էլ չեղարկվել էին։
Պարզվել է, որ Բերան Ա.-ն փորձել է անօրինական կերպով զենք գնել, այդ թվում՝ գնդացիր և ձեռքի նռնակ, և հետևել է «Իսլամական պետության» «Պատրաստեք ռումբ ձեր մոր խոհանոցում» վերնագրով տեսանյութում ներկայացված հրահանգներին՝ արտադրելու փոքր քանակությամբ տրիացետոն տրիպերօքսիդ (TATP) պայթուցիկ նյութ։
Նա նաև մեղադրվում էր դպրոցական երկու ընկերների հետ 2024 թվականին Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներում հարձակում պլանավորելու դավադրության համար։ Նա և նրա համախոհ Արդա Կ.-ն խոստովանել են, որ իրենք համապատասխանաբար մեկնել են Դուբայ և Ստամբուլ՝ իրականացնելու հարձակումներ, որոնք, սակայն, չեն իրականացրել։
Դատավարության ժամանակ Բերան Ա.-ն դատարանին ասել է, որ 2024 թվականի մարտին շրջել է Դուբայում՝ դանակահարության համար զոհեր փնտրելով, սակայն երբ փորձել է հարված հասցնել, խուճապի նոպա է ունեցել։


