
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ գյուղացիները մի քանի ժամով փակել են Երևան-Արմավիր ճանապարհը
Այսօր՝ մայիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի վարչական տարածքում, նույն գյուղի բնակիչներն ի նշան բողոքի փակել էին ճանապարհը։
Գյուղացիները բողոքի ձայնն էին բարձրացնում լոլիկի և գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների պատճառով։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին․ «Ամբողջ տարին աշխատում ենք, որպեսզի գարնան այս շրջանում եկամուտ ունենանք, սակայն ինչպես լոլիկը, այնպես էլ այլ գյուղմթերքներ չենք կարողանում արտահանել։ Վարկեր ենք վերցնում, հող մշակում, թունաքիմիկատներ գնում, բանվորների աշխատավարձ ենք վճարում և բազմաթիվ այլ ծախսեր անում, բայց բերքը չենք կարողանում իրացնել։ Արդյունքում վարկերը մնում են մեր ուսերին, և չենք կարողանում դրանք մարել»։
Համայնքային ոստիկանների և պարեկների հետ բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է։
Գյուղացիները հայտնել են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք կդիմեն բողոքի այլ քայլերի»,- նշում է լրատվամիջոցը։


