
Հայաստանի ու Մոլդովայի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ին անհրաժեշտ են նոր լծակներ լիարժեք գործունեության համար․ Բելառուսի փոխվարչապետ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալը չպետք է հեշտ լինի նոր անդամների համար. կազմակերպության ներսում ցանկացած կարգավիճակ պետք է արդյունքներ տա. ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը։
«Եվ եթե մենք որևէ դիտորդի կարգավիճակ տրամադրենք կամ համաձայնագրեր կնքենք, պետք է ուշադիր քննարկենք հետևանքները և՛ միության, և՛ մեր գործընկերների համար։ Այսինքն՝ ցանկացած անդամակցություն, ցանկացած կարգավիճակ պետք է լինի արդյունավետ, այլ ոչ թե պարզապես կարգավիճակ՝ կարգավիճակի համար», – նշել է Պետկևիչը։
Փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ գործող պայմանագրում բացակայում են բազմաթիվ մեխանիզմներ։
«Ե՛վ Հայաստանի, և՛ Մոլդովայի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ մեզ այսօր նոր լծակներ են անհրաժեշտ միության լիարժեք գործունեության համար։ Պետության ղեկավարը բարձրացրել է այս հարցերը, և նրա գործընկերներն աջակցել են դրան։ Անկեղծորեն կասեմ, որ մենք արդեն շփվել ենք կուլիսներում, քանի որ բոլորը հասկանում են, որ այո՛, հարցերը բարձրացվել են ժամանակին և ճիշտ, և մենք պետք է աշխատենք դրանց վրա», – նշել է նա։


