
Ռուսաստանը սահմանափակել է նաև հայկական ձկնամթերքի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 21-27-ը լաբորատոր փորձաքննության է ենթարկել Հայաստանից ներմուծած ձկնամթերքի որոշ նմուշներ։ Գերատեսչության տվյալներով՝ ձկնաբուծական և ձկնամշակման ընկերությունների շուրջ 50 տոկոսը հրաժարվել է վերահսկողությունից, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացրել արտադրանքի հետագծելիության և անվտանգության վերաբերյալ։
Ստուգումներից հետո ընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից առաջարկվում է ժամանակավորապես կասեցնել Հայաստանից դեպի Ռուսաստան կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացիան՝ բոլոր ընկերությունների համար, բացառությամբ երկու կազմակերպության, որ անցել են վերահսկողությունը։ Ի դեպ, այդ երկու ձեռնարկությունների արտադրանքը ՌԴ շուկա կարող է մուտք գործել միայն լրացուցիչ լաբորատոր մոնիթորինգի պայմաններում։
Ռոսսելխոզնադզորը այս քայլը հիմնավորում է ստուգումների ընթացքում հայտնաբերված ռիսկերով և վերահսկողական խնդիրներով՝ ընդգծելով, որ սահմանափակումները ժամանակավոր են և կվերանայվեն իրավիճակի կարգավորման դեպքում։


