
Ընտրություններ ՀՀ-ում․ ի՞նչ քարոզչական թեզեր են տարածում արևմտյան և ռուսական ԶԼՄ-ները․ վերլուծություն
Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները դարձել են ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ։ Ռուսական և արևմտյան մեդիադաշտերում ձևավորվել են տարբեր, հաճախ հակադիր նարրատիվներ, որոնք փորձում են ազդել թե՛ հայկական հանրային կարծիքի, թե՛ արտաքին դերակատարների ընկալումների վրա։
Այս ընտրությունները ռուսական և արևմտյան մեդիայում հիմնականում ներկայացվում են ոչ թե որպես սովորական կուսակցական մրցակցություն, այլ որպես Հայաստանի արտաքին կողմնորոշման ընտրություն՝ ռուսաստանամետ համակարգի պահպանո՞ւմ, թե՞ եվրոպական և արևմտյան ինտեգրման խորացում։
Ռուսական մեդիայի հիմնական թեզերը․
Ռուսական պետական և կրեմլամետ մեդիա հարթակներում (օրինակ՝ РИА Новости, RT, КоммерсантЪ, Взгляд) նկատվում են մի քանի հիմնական նարրատիվներ.
- Արևմուտքը միջամտում է հայկական ընտրություններին
Այս թեզի հիմքում այն գաղափարն է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն, արևմտյան հիմնադրամները ֆինանսավորում են Հայաստանի իշխանություններին և քաղաքացիական հատվածին՝ իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։
Քարոզչական նպատակն է կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը, ներկայացնել գործող իշխանությանը որպես «արտաքին կառավարվող»։
- Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայի ճանապարհով
Սա, թերևս, ամենահաճախ օգտագործվող թեզերից է։ Հիմնական ուղերձները՝ ԵՄ-ին ինտեգրումը կհանգեցնի Ռուսաստանի հետ բախման, Հայաստանը կարող է կորցնել տնտեսական շուկաները, կարող է կրկնել Ուկրաինայի սցենարը։ Այս նարրատիվն ակտիվորեն օգտագործվում է ռուսական քաղաքական թոք-շոուներում և փորձագիտական շրջանակներում։
- Հայաստանի տնտեսությունը կփլուզվի առանց Ռուսաստան
Այս թեզը հիմնվում է այն հիմնավորումների վրա, որ ՀՀ-ն կախված է ՌԴ-ից գազի մատակարարումների հարցում։ Բացի այդ՝ ՀՀ-ի տնտեսության համար էական նշանակություն ունեն ԵԱՏՄ շուկաները, ռուսական ներդրումները, տրանսֆերտները։ Հաղորդագրությունը հետևյալն է․ «ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին»։ ՀՀ-ն չի կարող նստել երկու աթոռի վրա և պետք է ընտրի՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ։
- Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները
Ռուսական մեդիան հաճախ ներկայացնում է, որ գործող իշխանությունը սահմանափակում է ռուսական ազդեցությունը, դուրս է գալիս ռուսական անվտանգության համակարգերից և նպատակ ունի տարածաշրջանից դուրս մղել Մոսկվային։
- Ընտրությունները կեղծվելու են
Ռուսամետ քաղաքական շրջանակներում տարածվում է այն գաղափարը, որ ընտրությունները նախապես վերահսկվում են իշխանության կողմից, և արդյունքը կարող է չարտացոլել իրական հանրային տրամադրությունները։
6.Արևմուտքն անտեսում և աչք է փակում իշխող կուսակցության կողմից ժողովրդավարական նորմերի խախտումների վրա՝ Ռուսաստանի դեմ ճակատ ապահովելու համար
Հիմնական ուղերձն այն է, որ ԵՄ-ն և եվրոպական երկրների առաջնորդները բացահայտ աջակցություն են ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին՝ անտեսելով վերջինիս կողմից ժողովրդավարական նորմերի խախտումները, օրինակ՝ ընդդիմադիր գործիչների և այլախոհների ձերբակալությունները։
Արևմտյան մեդիայի հիմնական թեզերը
Արևմտյան մեդիադաշտում՝ Reuters, Euronews, AP News, Bloomberg, Telegraph, The Guardian, գերակշռում են այլ նարրատիվներ․
- Ռուսաստանը միջամտում է հայկական ընտրություններին
Արևմտյան հրապարակումների հիմնական գիծն այն է, որ Կրեմլը փորձում է ֆինանսավորել ազդեցության ցանցեր, իրականացնել տեղեկատվական գործողություններ, աջակցել ռուսամետ ուժերին, թուլացնել գործող իշխանության դիրքերը՝ կիրառելով հիբրիդային պատերազմին բնորոշ գործիքներ և տնտեսական լծակներ։ Վերջիններիս շարքում են մի շարք հայկական ապրանքների համար ներմուծման արգելքներ սահմանելը։
- Հայաստանը ժողովրդավարական ընտրության առաջ է
Արևմտյան մեկնաբանություններում ընտրությունները ներկայացվում են որպես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, եվրոպական ինտեգրման, ինքնիշխանության խորացման գործընթաց։
- Կրեմլի նպատակը պարտադիր հաղթանակը չէ, այլ ապակայունացումը
Մի շարք վերլուծություններ նշում են, որ ռուսական ռազմավարության նպատակը կարող է լինել ոչ թե կոնկրետ թեկնածուի հաղթանակը, այլ հասարակության բևեռացումը, անվստահության աճը, պետական ինստիտուտների թուլացումը։ Այս ամենի հիմնական նպատակը ՀՀ-ն կախվածության մեջ և ՌԴ ուղեծրում պահելն է։
- Հայաստանը դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց
Այս թեզը հաճախ ներկայացվում է որպես տարածաշրջանային վերադասավորման մաս։
Հիմնական շեշտադրումներն են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, պաշտպանական ոլորտի դիվերսիֆիկացիան։
5․ Եթե Փաշինյանը չվերընտրվի, Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը կարող է դանդաղել կամ վտանգվել։
Ըստ այս թեզի՝ իշխանության գլուխ կարող են գալ ռուսամետ և ազգայնական ուժեր, որոնք կարող են խոչընդոտել խաղաղության պայմանագրի և TRIPP նախագծի իրականացմանը։
Ամփոփելով՝ քաղաքագիտական տեսանկյունից՝ Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ավելի շատ հիշեցնում են աշխարհաքաղաքական հանրաքվե, քան դասական կուսակցական մրցակցություն։ Ռուսական մեդիան փորձում է ձևավորել «անվտանգություն և տնտեսական կայունություն Ռուսաստանի հետ» օրակարգը, մինչդեռ արևմտյան մեդիան կառուցում է «ինքնիշխանություն, ժողովրդավարություն և եվրոպական ընտրություն» օրակարգը։ Երկու կողմերն էլ ընտրությունները ներկայացնում են որպես տարածաշրջանի ապագա ուժային հավասարակշռության հարց։
Այս փուլում ամենակարևոր պայքարը ոչ այնքան կուսակցությունների միջև է, որքան այն հարցի շուրջ, թե Հայաստանի հասարակությունը ո՞ր նարրատիվն է համարելու ավելի համոզիչ՝ «անվտանգություն Ռուսաստանի միջոցո՞վ», թե՞ «ինքնիշխանություն և բազմավեկտորություն Արևմուտքի հետ համագործակցության միջոցով»։


