
Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ապրանքաշրջանառության խթանման մեխանիզմները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան։
«Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս», – տեղեկացնում են ԱԳՆ-ից:


