
Ողջերի դեմ կռվող ՔՊ-ն դիմել է մահացածների «օգնությանը»․ Լուիզա Սարգսյան
Նախկին բարքերը վերակենդանացնող և բացասական կերպով կատարելագործող դեռևս ներկաները սա էլ արեցին․ Facebook-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանը՝ բարձրաձայնելով ընտրացուցակում մահացած մարդու տվյալների առկայության մասին։
«Փաշինյանն առիթ-անառիթ ասում էր, որ ընտրությունները Հայաստանում այլևս չեն կեղծվելու, չեն կեղծվում և այլն:
Փաշինյանի թիմակիցները մեղադրում են, վարժական հավաքների «հրավիրատոմս» բաժանում ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մեր երկրում չեն ապրում, բայց պահպանել են ՀՀ քաղաքացիությունն ու ընտրելու իրավունքը, և գալիս են Հայաստան` իրացնելու իրենց իրավունքը: Էլի լավ է, որ իշխանությունը նրանց օդանավակայանից ուղարկում է վարժական հավաքների, էլի լավ է, որ չի կալանավորում:
Իսկ ՔՊ-ն, որը կռիվ ունի ողջերի դեմ, դիմում է մահացածներին:
Քաղաքացի Սահակյան Վիոլետան վաղուց մահացել է, սակայն իշխանությունը դիմել է նրա «օգնությանը». նա ցուցակում է որպես ընտրող:
Եթե ընդամենը մեկ ցուցակի մակերեսային ուսումնասիրությամբ նման դեպք է բացահայտվում, բնական հարց է առաջանում՝ իսկ մյուս ցուցակներում ի՞նչ վիճակ է։
Թերևս գրեթե ոչինչ չի մնացել, ինչ Փաշինյանը ժամանակին քննադատել էր, բայց իշխանության գալուց հետո ինքն էլ չկրկներ»,- նշում է Սարգսյանը:



