
«Քենեդիի կենտրոնի» շենքի վրայից հեռացվում է Թրամփի անունը
Վաշինգտոնում գտնվող «Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնը» կարգադրել է աշխատակիցներին հաստատության վրայից հեռացնել նախագահ Դոնալդ Թրամփի անունը․ գրում է Reuters գործակալությունը։
Կենտրոնը հանձնարարությունը տվել է օրեր առաջ դատարանի կայացրած որոշումը կատարելու նպատակով։ Այսպիսով, այն հետքայլ է կատարում անցյալ տարի խորհրդանշական այդ շենքին տրված Թրամփի անվանափոխությունից։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ դատարանի որոշմանն ի պատասխան՝ իր վարչակազմին հանձնարարել է կենտրոնի կառավարման լիազորություններն «ամբողջությամբ փոխանցել» Կոնգրեսին։
«Անհապաղ փոխել էլեկտրոնային նամակների ստորագրությունները, պաշտոնական ձևաթղթերը և այլ փաստաթղթեր՝ դրանցում կենտրոնի անվանումը ներկայացնելով որպես «Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն» կամ «Քենեդիի կենտրոն»», – ասվում է կենտրոնի կարգադրության մեջ։
2025 թվականի դեկտեմբերին Թրամփը սպիտակ մարմարից կառուցված շենքի ճակատային մասում Քենեդիի անունից առաջ ավելացրել էր իր անունը։ Այս քայլից հետո Օհայո նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ջոյս Բիթին, որը «Քենեդիի կենտրոնի» խորհրդի անդամ է, դատական հայց ներկայացրեց՝ դեմ լինելով փոփոխությանը։ Մայիսի 29-ին դատարանը վճռեց, որ կենտրոնը չի կարող վերանվանվել առանց Կոնգրեսում համապատասխան օրինագծի ընդունման, ինչպես նաև հանձնարարեց Թրամփի վարչակազմին 14 օրվա ընթացքում հեռացնել Թրամփի անունը կրող բոլոր ցուցանակները և պաշտոնական նյութերից վերացնել «Թրամփի և Քենեդիի կենտրոն» բոլոր ձևակերպումները։


