
Ընտրական շրջափուլի ընթացքում արձանագրվել են արտաքին միջամտության փորձեր․ IRI
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) միջազգային դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ անցկացվել են «խաղաղ և կարգապահ մթնոլորտում»։ Միևնույն ժամանակ առաքելությունը նշել է, որ ընտրական շրջափուլի ընթացքում «արձանագրվել են Ռուսաստանի կողմից միջամտության փորձեր»։
Առաքելության ղեկավար Դեյվիդ Ջոլլին մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ դիտորդներն ընտրությունների օրը հետևել են գործընթացին Հայաստանի 8 մարզում և 17 համայնքում՝ այցելելով 107 ընտրատեղամաս։
Առաքելության անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Փիթեր Ռոսկամի խոսքով՝ ընտրություններն անցկացվել են աճող քաղաքական բևեռացման, անվտանգային մարտահրավերների և Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման շուրջ ակտիվ բանավեճի պայմաններում։
Դիտորդական առաքելությունը ներկայացրել է 11 առաջարկություն, որոնք վերաբերում են ընտրությունների կազմակերպմանը, քաղաքական ֆինանսավորմանը, կիբեռանվտանգությանը և մեդիա միջավայրին։ Մասնավորապես, առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը չհայտարարված կամ կեղծ հայտարարագրված կանխիկ միջոցների համար, ուժեղացնել կասկածելի ֆինանսական հոսքերի վերահսկողությունը և բարելավել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը։
Առաքելությունն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արտաքին ազդեցությունների վրա՝ նշելով, որ «ընտրական շրջափուլի ընթացքում նկատվել են Ռուսաստանի միջամտության շարունակական փորձեր»։
Ռոսկամի խոսքով՝ արձանագրվել են նաև ընտրողների, բիզնեսների և քաղաքական դերակատարների նկատմամբ ճնշումների փորձեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում կեղծ և մոլորեցնող բովանդակության տարածում, բոտային ցանցերի ակտիվություն, արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ նյութեր, ֆիշինգային փորձեր և պետական կառույցների դեմ կիբեռհարձակումների փորձեր։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ IRI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ շարունակելու են հետևել հետընտրական զարգացումներին, այդ թվում՝ հնարավոր դատական գործընթացներին և բողոքի ակցիաներին։ Առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի առաջիկա 30-60 օրվա ընթացքում։


