
Ազգությամբ հայ երգչուհին իր նոր ալբոմում ներկայացրել է Մերձավոր Արևելքում հակամարտությունների ցավը․ The Guardian
Ազնիվ Կորքեջյանի 4-րդ ալբոմի՝ «Որպես բեդվին»-ի գլխավոր երգը՝ «Neon Summer Skin»-ը, վերստեղծում է մանկության կատարյալ օրը։
«Գնալ լողավազան, որտեղ իմ միակ մտահոգությունը մինչև արևի մայր մտնելն ինձ այնտեղից քարշ տալով հանելն էր», – նշել է երգչուհին, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
1970-ականների երազային մեղմ փոփով ներծծված երգը պարզապես նոստալգիա չէ։
«Ես ուզում էի պատկերացնել, թե ինչ բան է անվտանգ զգալը։ Ալբոմի մեծ մասը նվիրված է սեփական անվտանգության մասին չմտածելու շքեղությանը։ Ես շատ եմ մտածում այս մասին, երբ խոսքը վերաբերում է Պաղեստինի և Լիբանանի երեխաներին, որոնց այդ իրավունքը չի տրվում», – նշել է երգչուհին։
Հակամարտությունից ավերված Մերձավոր Արևելքը «Neon Summer Skin»-ի համատեքստն է։ Կորքեջյանի ընտանիքը հայ է, բայց նա և նրա ծնողները ծնվել են Սիրիայում, իսկ եղբայրները՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ Կորքեջյաններն ապրել են «ամերիկյան մի համալիրում, որը փակ համայնքի էր նման», մինչև 1995 թվականը: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։
Ազնիվը սկսեց գրել այս երգերը 2019 թվականին Սաուդյան Արաբիա կատարած իր վերջին այցելությունից հետո։
«Ես հաճախ էի այցելում ծնողներիս, երբ շրջագայություններ էի անում, ամեն անգամ վերադառնում էի մանկություն և վայելում դրա ամեն րոպեն։ Այս անգամ ես այն զգացողությունն ունեի, որ երբեք չեմ վերադառնա»,- ասել է նա։
Երգչուհին հավելում է․ «Տարածաշրջանում տեղի ունեցող ավերածությունները, մահերը և սպանությունները… մեր ընտանիքին բաժին է ընկել լավագույն սցենարը։ Մենք բոլորս առողջ ենք, սեղանին ուտելիք կա։ Բայց մենք բաժանված ենք, և այցելելը դժվար է, իսկ երբեմն՝ անհնար»։
Ալբոմում ցավը երգերը կապող գիծն է, բայց սերը՝ նույնպես։


