
Որևէ դեպքում չենք կարող անցկացված ընտրությունը համարել ժողովրդավարական․ Զատուլինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին
Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունը համարել ժողովրդավարական․ Московский комсомолец-ի հետ զրույցի ընթացքում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Բայց քանի որ մենք մի շարք միավորումների մեջ ենք Հայաստանի հետ և ավանդաբար զարգացրել ենք երկկողմ հարաբերությունները, կշարունակենք աշխատել Հայաստանի հետ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ այժմ երկիրը ղեկավարում են մարդիկ, որ իշխանության են մնացել անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի Ռուսաստանից հեռանալու և Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը՝ չարաշահելով ՌԴ-ի հետ հարաբերությունները։
«Մոսկվան պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի, իմ կարծիքով՝ դա պետք է արտահայտվի նրանով, որ մենք որևէ դեպքում չենք կարող անցկացված ընտրությունը համարել ժողովրդավարական և ընդունված չափանիշներին համապատասխան։
Չենք կարող, որովհետև հավասար ընտրապայքարի պայմաններ չեն ապահովվել։ Ընդհակառակը, կիրառվել են ճնշումներ, որոնք շարունակվում և խորանում են նաև ընտրություններից հետո՝ ընդդիմադիր ուժերի և նրանց առաջնորդների նկատմամբ», – ընդգծել է Զատուլինը:
Անդրադառնալով ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը՝ Զատուլինը կարծիք է հայտնել, որ ռուսական կողմը չպետք է շտապի այդ հարցում։
«Այդ բազան մեր անվտանգության կարևոր տարր է, բայց եթե Հայաստանը զարգացնի ռազմատեխնիկական համագործակցություն Արևմուտքի հետ, ապա բնական հարց կառաջանա։ Մենք ինքներս չենք նախաձեռնի այս հարցը, եթե Փաշինյանը ցանկանա, կտեսնենք, կարձագանքենք։ Կարծում եմ՝ նա ապագայում կցանկանա բարձրացնել այս հարցը՝ անկախ նրանից, թե մենք հիմա ինչ-որ բան կանե՞նք, թե՞ ոչ», – հավելել է նա։


