ABCMEDIA
Եվրամիությունը հանձնառու է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը․ ԵՄ դեսպան

Եվրամիությունը հանձնառու է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը․ ԵՄ դեսպան

Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն
ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։
Եվրամիությունը նաև դիտարկելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում
հաստատված անձանց հետագա աջակցության հարցը․ այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում
հայտարարել է  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան
Վասիլիս Մարագոսը։

Մարագոսը անդրադարձել է նաև երկկողմ օրակարգին, այդ թվում՝ վիզաների
ազատականացմանը վերաբերող հարցերին։ Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ
հարաբերություններին,  նա նշել է, որ Եվրամիությունն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում
են՝ միասին կանխորոշելու  հետագա համագործակցության ոլորտները:

«Եվրամիությունը հանձնառու է այս տարածաշրջանում խաղաղությանն ու
կայունությանը, և մենք կարևոր, բարձր մակարդակի քաղաքական կապիտալ ենք ներդնում այս
գործընթացում: Ինչպես ասացիք՝ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝
ուժի կիրառման դեմ և ի աջակցություն Ղարաբաղի հայերի իրավունքների»,- նշել է դեսպանը։

 Նրա խոսքով՝ Եվրամիությունը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական
առաքելության, նաև Երևանի ու Բաքվի հետ շփումների միջոցով, շատ հստակ հասկանում է տեղում
իրավիճակը։ «Մենք նաև հասկանում ենք, թե ինչ կարևորություն ունեն այս խնդիրները Հայաստանի
համար և, ավելի լայն առումով, տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար, ինչը
մեր առաջնահերթ նպատակն է։ Եվրամիությունը բազմիցս կողմերին կոչ է արել երաշխավորել
ուժի չկիրառումը և ապահովել ուժերի միջև հեռավորությունը՝ տեղում լարվածությունը և
հնարավոր էսկալացիան նվազեցնելու համար»,-ասել է նա և հավելել, որ ԵՄ-ն հուսով է, որ
մոտ ապագայում որոշակի փոխըմբռնում կարող է ձեռք բերվել այս և այլ հարցերի շուրջ, այդ
թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը,
որը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 30-ին։