
Լոս Անջելես եկանք հպարտությամբ, խաղացինք պատվով և հեռանում ենք արժանապատվությամբ․ Իրանի ֆուտբոլի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսի հանդերձարանում
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը Բելգիայի հետ ոչ-ոքիից հետո Լոս Անջելեսի SoFi մարզադաշտի հանդերձարանում գրություն է թողել՝ շնորհակալություն հայտնելով Լոս Անջելեսին ցուցաբերած հյուրընկալության համար և նշելով, որ հեռանում է արժանապատվությամբ․ գրում է Reuters գործակալությունը։
Լոս Անջելեսը հյուրընկալել է Իրանի՝ մինչ այս պահը G խմբում անցկացրած երկու հանդիպումները։ ԱՄՆ-ում գտնվելու սահմանափակումների պատճառով թիմը մրցաշարի ընթացքում մնում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքում, իսկ հանդիպումներն անցկացնելու համար՝ այնտեղից մեկնում ԱՄՆ։
«Հազարավոր տարիներ առաջ գոյություն ունեցած հին Պարսկաստանից մինչև այսօրվա քաղաքակիրթ Իրանը՝ Իրանի ոգին շարունակում է ապրել և մնալ անսասան։ Մենք Լոս Անջելես եկանք հպարտությամբ, խաղացինք պատվով և հեռանում ենք արժանապատվությամբ։ Շնորհակալություն, Լոս Անջելես, հյուրընկալության համար», – ասվում է ձեռագիր գրության մեջ, որը հրապարակել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Թիմը նաև շնորհակալություն է հայտնել իրանցի երկրպագուներին՝ երկու հանդիպումների ընթացքում իրենց «սիրտը, ձայնը և հոգին» տալու համար։
«Թո՛ղ բոլոր ազգերի միջև տիրեն խաղաղությունը, հարգանքը և բարեկամությունը», – ասվում է գրության մեջ։
Տողերի միջև նաև տեսնում ենք «#168» և «#minab» գրությունները՝ ի հիշատակ Մինաբի օրիորդաց դպրոցի վրա ամերիկյան հարձակման ընթացքում զոհված երեխաների և ուսուցիչների։


