24 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանի ընկերություններից պահանջում է գույքերի վերադարձ․ «Հետք»

«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանի ընկերություններից պահանջում է գույքերի վերադարձ․ «Հետք»

Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի․ գրում է «Հետքը»։

«Պահանջում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» պրոֆիլակատորիայի (առողջարան) անշարժ գույքի վրա տարածել բռնագանձում։ Անշարժ գույքը գտնվում է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում։ Դատախազությունը հայց է ներկայացրել նաև Ծառուկյանին պատկանող այլ գույքերի վերաբերյալ։

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։

Նույն օրը Գլխավոր դատախազությունն էլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի, վերջինիս պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, «Բեղլու» ՓԲԸ-ի, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ։ Այս հայցով պահանջվում է անվավեր ճանաչել սեփականաշնորհման պայմանագիրը, անշարժ գույքի առուվաճառքի, հողամասի վարձակալության պայմանագրերը և գույքերը հետ պահանջել ապօրինի տիրապետությունից։ Թե որ գույքերի մասին է՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում մանրամասներ չկան։

Այս գործը մակագրվել է դատավոր Ռուդոլֆ Ավագյանին և դարձյալ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։

Դատախազությունն ավելի վաղ՝ 2026թ. հունիսի 8-ին հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Ըստ դատախազության՝ Կառավարության ղեկավարի 2003թ. հունվարի 9-ի որոշմամբ, Պետական գույքի կառավարման նախարարին թույլատրվել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցույթով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 միլիոն 500 հազար դրամը:

Մրցույթում հաղթող է ճանաչվել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն: Ընկերությունը 2003թ. օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում կատարել 30 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ստեղծել 30 աշխատատեղ:  Ընկերությունը հետագայում ներկայացրել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, իբրև կատարել է վերոնշյալ պարտավորությունները:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 20-ին, հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։

Վարչապետն փոխանցմամբ՝ Կառավարությունն արդեն գրություն է ստացել Գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման», – նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026