
Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկը և նրա ընտանիքի անդամները Մոնակոյում տեղի ունեցած պայթյունից հետո պայքարում են կյանքի համար
Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Վադիմ Երմոլաևը, ծանր վնասվածքներ է ստացել Մոնակոյի շքեղ բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով․ հայտնում է Daily Mail-ը։
Նրա հետ վիրավորվել են նաև կինը՝ Աննան, և ընտանիքի 4 երեխաներից մեկը։ Երեքն էլ տեղափոխվել են Նիսի հիվանդանոց։ Կնոջ վիճակը նույնպես գնահատվում է ծանր։
Նախնական տվյալներով՝ պայթյունը կազմակերպել է սև գլխարկով և մարզահագուստով տղամարդը, որը դեպքից հետո փախել է։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է ենթադրյալ կասկածյալի փախուստի պահը։ Ոստիկանությունը շարունակում է նրա որոնումները՝ ենթադրելով, որ նա կարող էր անցնել Ֆրանսիայի Բոզոլեյ քաղաք։
Մոնակոյի իշխանությունները դեպքը որակում են որպես դիտավորյալ պայթյուն։ BFM հեռուստաընկերության տեղեկություններով՝ օգտագործվել է «ծանրոց-ռումբ»։ Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը կատարվածը բնութագրել է որպես «սարսափելի հանցագործություն»։
Երմոլաևը Դնեպրի խոշոր անշարժ գույքի կառուցապատող է և «Ալեֆ Գրուպ» կոնգլոմերատի հիմնադիրը։ 2019 թվականին նա հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և ստացել Կիպրոսի քաղաքացիություն, իսկ 2023 թվականին Կիևը նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ Ղրիմում բիզնես գործունեությունը շարունակելու կասկածների պատճառով։ Գործարարը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։
Վերջին տարիներին Երմոլաևի ընտանիքը բնակվում է Մոնտե Կառլոյում։


