
5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Մեռելոցի օրերը կրկին ոչ աշխատանքային կլինեն․ Ազգային ժողովն ընդունեց նոր փոփոխությունները։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները։
Այսուհետ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային։
Խոսքը Սուրբ Ծնունդին, Սուրբ Հարությանը, Վարդավառին, Խաղողօրհնեքին և Խաչվերացին հաջորդող երկուշաբթիների մասին է։
Օրենքով նաև սահմանվում է, որ կառավարությունն այլևս չի կարող տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել՝ հանգստյան օրերի հաշվին։
Փոփոխվել են նաև մի շարք տոնական օրերի ամսաթվերը։ Հայ կինոյի օրը կնշվի ապրիլի 13-ին, Հայրերի օրը՝ հունիսի երրորդ կիրակի օրը, իսկ «Երկրապահի օրը» կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր»։
Հուլիսի 5-ը կմնա Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օրը կտեղափոխվի օգոստոսի 23։
Օրացույցում ավելացվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը՝ փետրվարի 17-ին, և Նավասարդը՝ օգոստոսի 11-ին՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր։
Բացի այդ, ազգային փոքրամասնությունների համար կառավարությունը կկարողանա սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ իրենց ազգային տոները նշելու նպատակով, իսկ Երևանն ու մարզերը կունենան նաև իրենց առանձին տոնական օրերը։


