06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
650 մլն դոլար կուղղվի Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և էլեկտրական ավտոբուսների գնման համար․ Տիգրան Ավինյան

650 մլն դոլար կուղղվի Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և էլեկտրական ավտոբուսների գնման համար․ Տիգրան Ավինյան

Ներդրումային կոմիտեն Երևանի մասով 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր է հաստատել, որոնք ուղղվելու են Աջափնյակի մետրոկայարանի կառուցմանը, մետրոպոլիտենի ամբողջ ենթակառուցվածքի արդիականացմանը, էլեկտրական ավտոբուսների գնմանը, երկու դեպոների նորոգմանը, առանձնացված գծերի ներդրմանը և Դալմայի այգիների կառուցմանը՝ 250 հեկտար․ այսօր Երևանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի երևանցիներ, սա կարևորագույն և անկյունաքարային որոշում է, որ տեղի է ունեցել նախորդ շաբաթ, որով Կառավարությունը փաստացի ստանձնել է ֆինանսական հանձնառություն այս բոլոր ծրագրերի հետ կապված, և Երևան քաղաքն իրականացնելու է այս բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը»,- ասաց քաղաքապետը։

Նա նշեց, որ հիմա քաղաքապետարանը տարբեր փուլերում է գտնվում տարբեր ծրագրերի առումով, և ամենահասունն Աջափնյակի մետրոկայարանի կառուցման ծրագիրն է։

«Գիտեք, ես հասկանում եմ նաև այն մարդկանց, որոնք թերահավատորեն են մոտենում այս պրոցեսին: Պատկերացրեք՝ 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում մարդիկ խոսք են տվել, որ մետրոյի կայարանը կառուցվելու է, հիմա 2026 թվականն է, և իրականում մենք էլ 2022-23 թվականից այսպես շատ հաստատակամ այդ խոստումները տվել ենք, և շատ գործուն քայլեր ենք արել նաև այդ ուղղությամբ։ Առաջին հերթին՝ մենք պատվիրել ենք նախագիծ, և այսօր ունենք նախագիծ և նախահաշիվ, բայց նաև պետք է հասկանալ, որ որևէ մի ծրագիր, որ չես իրականացնում տասնամյակներով, դրա գիտելիքը և դրա կառավարման կարողությունը վերանում է երկրից, և մեր ձգձգումները միայն այս խնդրի հետ են կապված»,-նշեց Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ ներկայում Աջափնյակի մասով շատ կարևոր անկյունաքարային որոշում պետք է կայացվի․ «Եվ երբ մենք որոշելու ենք, թե միջազգային գործընկերների հե՞տ ենք արդյոք գնում և շարժվում առաջ այդ կառուցման գործընթացում, ամենակարևոր գործոնը մեզ համար ժամանակն է։ Այս բոլոր ծրագրերում ժամանակից ավելի կարևոր գործոն մեզ համար չկա։ Այո՛, փողը կարևոր է, այո՛, այդ ֆինանսական ճիշտ, գրագետ կառուցվածքը կարևոր է, բայց որևէ բան ավելի թանկ չէ, քան ժամանակը, ժամանակից թանկ որևէ բան չկա այս ենթակառուցվածքի կառուցման տեսանկյունից, որակով կառուցման տեսանկյունից»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026