08 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանացի բժիշկը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր 15 բուժառուների սպանության համար

Գերմանացի բժիշկը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր 15 բուժառուների սպանության համար

Պալիատիվ խնամքով զբաղվող գերմանացի բժիշկը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր 15 բուժառուների սպանության համար․ գրում է BBC-ն։

Բեռլինի դատարանը չորեքշաբթի 41-ամյա տղամարդուն՝ Յոհաննես Մ.-ին (Գերմանիայի գաղտնիության կանոնների համաձայն՝ նրա ամբողջական անունը չի հրապարակվում), մեղավոր է ճանաչել 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը 12 կնոջ և 3 տղամարդու սպանության համար։

Իշխանությունները կարծում են՝ այս սպանությունները կարող են լինել միայն «սառցաբեկորի գագաթը»։ Դատախազությունը ներկայում ուսումնասիրում է բժշկի մասնակցությամբ տասնյակ այլ դեպքեր։ Նրա զոհերը եղել են 25-94 տարեկան։

Դատարանում նշվել է, որ նրանք բոլորը ծանր հիվանդություններ ունեին, սակայն մահամերձ չէին։ Դատախազությունը հայտնում է, որ տնային այցերի ընթացքում բժիշկն, առանց հիվանդների համաձայնության, նրանց ներարկել է տարբեր դեղամիջոցների մահացու համակցություն։ Նշվում է, որ որոշ դեպքերում բժիշկը նույնիսկ հրդեհներ է կազմակերպել՝ իր հետքերը թաքցնելու համար։

Մոտ մեկ տարի տևած դատավարության ընթացքում բժիշկը հիմնականում լռել է։ Սակայն անցյալ ամիս նա ընդունել է, որ «սպանել է մարդկանց»՝ նկատի ունենալով ծանր վիճակում գտնվող իր 12 բուժառուներին։ Նա դատարանում հայտարարել է, որ ինքն իրեն համոզել էր, թե ճիշտ է վարվում՝ բուժառուներին ազատելով տառապանքից։ Նա ներողություն է խնդրել իր արարքների համար։

Իշխանությունները ենթադրում են, որ բժիշկը կարող է առնչություն ունենալ նաև այլ պացիենտների մահվան դեպքերին։ Դատախազները ներկայում ուսումնասիրում են ևս 76 դեպք։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026