
ՀՀ խորհրդարանական ընտրությունները նոր պատմության մեջ կմնան որպես պետական տեռոր․ ՀՅԴ Բյուրո
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ․ այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ:
«Իշխող վարչախումբը ընտրական գործընթացի ողջ ընթացքում գործեց առանց միջոցների մեջ խտրություն դնելու։ Լայնորեն կիրառվեց ողջ վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ։ Գործի դրված քարոզչական, վարչական ողջ զինանոցը միտված էր ամեն կերպ սահմանափակելու քաղաքական մրցակցությունն ու ազդելու ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա։ Իշխանության կողմից տարածած ատելության խոսքն ու ձեռնարկած քայլերը նոր բաժանարար գծեր եւ պառակտումներ առաջ բերեց հասարակության մեջ։
Արդյունքում, առաջին անգամ վարչական միջամտության հետեւանքով ՀՀ քաղաքացին զրկվեց իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից։
Ընտրախախտումների ծավալը, դրանց համակարգված բնույթը փաստում են ընտրությունները սոսկ իշխանության պահպանման միջոցի վերածելու վարչախմբի ձգտումների մասին։
Ավելին՝ ընտրական խախտումների վերացման պահանջը, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված անհետեւանք թողնելը, առաջացնում են պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի պահպանման հետ կապված հիմնավոր կասկածներ։
Այլևս աներկբա է, որ խորհրդարանական այս մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ բացառապես սահմանադրական դատարանի կողմնակալ որոշման և վարչական մեքենայություններով իրականացված մանդատների բաշխման արդյունքում։
Այս ընտրությունների ժամանակ էական գործոն էին նաեւ արտաքին ուժի կենտրոնների եւ ամենատարբեր դերակատարների բացահայտ միջամտություններն ու ազդեցությունները, ինչը լուրջ հարված էր Հայաստանի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը։
Այդուհանդերձ, հակառակ վերը նշված հանգամանքների, բոլոր դժվարությունների, սահմանափակումների եւ խոչընդոտների՝ հավաքական ընդդիմությունը կարողացավ պատկառելի ընտրաքվե արձանագրել։ «Պաշտոնապես» արձանագրված արդյունքները թեեւ գործող իշխանություններին փաստացի հնարավորություն են տալիս վերարտադրվել, սակայն ակնհայտ է, որ իշխող վարչախումբը անկման ընթացքի մեջ է եւ կորցրել է իր լեգիտիմությունը։ Սրա վկայությունը նաեւ նոր թափ ստացած հետընտրական քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումներն են։
Քաղաքական ճգնաժամը ընտրությունների արդյունքում ոչ միայն չի հաղթահարվել, այլեւ իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային և աշխարհաքաղաքական երանգներ։ Ցանկացած գնով վերարտադրվելու իշխանությունների մոլուցքը հարվածի տակ է դրել հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, կայունությունը և պետության կենսունակությունը։
Գործող վարչախումբը շարունակաբար թիրախավորում է Անկախության հռչակագիրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը՝ ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։
Ստեղծված պայմաններում, նոր իրողությունների եւ հանգամանքների հաշվառմամբ, հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մատավարությամբ, նոր թափով եւ ուժգնությամբ։
Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի Հայաստանի թուրքացմանը միտված կործանարար եւ աղետաբեր քաղաքականության կանխումն է, եւ այս առումով խիստ կարեւոր է բոլոր առողջ, ազգային ուժերի համակարգված ու համադրված աշխատանքը եւ հանրային լայն համախմբումը։
Հետեւողական եւ աննահանջ պայքարը բոլոր ճակատներում հաջողության հասնելու միակ ճանապարհն է։
Հայկական ինքնության պահպանումը, ազգային ու արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնա համահայկական թիվ մեկ օրակարգ»,- ասված է հայտարարության մեջ։


