
Ծառուկյանի գործը․ 21 միլիոն դոլարի առեղծվածը
Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի առանցքում հայտնվել է հայ-իրանական տնտեսական համագործակցության ամենախոշոր ծրագրերից մեկը՝ 2024 թվականին «Առինջ մոլի» տարածքում բացված հայ-իրանական առևտրի կենտրոնը։
Ծրագիրը ներկայացվում էր որպես Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների նոր փուլ։ Նախատեսվում էր, որ կենտրոնում ներկայացված կլինեն իրանական խոշոր արտադրողները, իսկ նախաձեռնությունը պետք է նպաստեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մինչև 3 միլիարդ դոլարի հասցնելուն։
Կենտրոնի բաժնետերերն էին Ծառուկյանի «Մուլտի գրուպը»՝ 50 տոկոս բաժնեմասով, և իրանական ParsHilal Caspian Group-ը՝ մնացած 50 տոկոսով։ Բացման արարողությանը մասնակցել էին Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն Գագիկ Ծառուկյանը ներկա չէր եղել։
Այսօր նույն նախագիծը դարձել է նրա դեմ հարուցված քրեական գործի առանցքային դրվագներից մեկը։ Ծառուկյանի ձերբակալության օրը այդ մասին հայտարարել էր նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Քննչական կոմիտեի վարկածով՝ 2022-2024 թվականներին Գագիկ Ծառուկյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ, որի միջոցով յուրացվել են Իրանից ներմուծված շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, կեղծվել են մաքսային հայտարարագրերը, իսկ հետագայում իրականացվել է փողերի լվացում։
Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և անտեսում են գործի մի շարք առանցքային հանգամանքներ։
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրանական գործընկերներն իրանցի գործարարներից տաղավարների համար ամսական վճարներեն գանձել, մինչդեռ հայկական կողմին հայտնել են, թե տարածքները տրամադրվում են անվճար։ Նրա գնահատմամբ՝ միայն վարձակալության մասով հայկական կողմի վնասը կազմել է մոտ 300 միլիոն դրամ։
Սարգսյանը նաև նշում է, որ իրանցի երեք գործարարներ հայկական կողմից ստացել են միլիոնավոր դոլարների փոխառություններ, որոնք պետք է օգտագործվեին Իրանից ապրանքներ ձեռք բերելու և Հայաստան ներմուծելու համար։ Ապրանքները վաճառվել են Հայաստանում, սակայն գումարները չեն վերադարձվել հայկական կողմին։
«եթե տուժողը իրանցի գործարարներն են, իրենց մի քանի հարց պետք է տրվի՝ «դուք գումար ստացե՞լ եք, փոխառությունները վերցնելուց հետո դրանք վերադարձրե՞լ եք։ Բա եթե չեք վերադարձրել և եթե ձեզ խաբել էին, ինչո՞ւ էիք 2024-ին պարտավորագիր գրում, որդո՛ւք եք պարտավորում վերադարձնել գումարը․ ինչո՞ւ հակառակ կողմից չուզեցիք որևէ պարտավորագիր»,–ասել է Սարգսյանը։
Միևնույն ժամանակ իրանցի գործարարների խումբը նամակ է ուղարկել Aurora News-ին՝ ներկայացնելով իրադարձությունների բոլորովին այլ տարբերակ։ Նրանք պնդում են, որ շուրջ 21 միլիոն դոլարի ապրանքներն ամբողջությամբ ձեռք են բերել և ուղարկել Հայաստան, սակայն Հայաստանի սահմանը հատելուց հետո, նրանց պնդմամբ, իրականացվել են կեղծումներ։
Նամակում նշվում է.
«Իրանցի գործարարներն իրենց համատեղ ընկերություններին և պրն Ծառուկյանին ուղարկել են շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, սակայն այդ ապրանքները չեն հայտարարագրվել տվյալ ընկերությունների անունով։ Դրանք վաճառվել են կեղծ և թղթային ընկերությունների միջոցով՝ մաքսային փաստաթղթերի կեղծման ճանապարհով, իսկ ստացված գումարները փոխանցվել են պրն Ծառուկյանին, նրա ընկերներին և գործակիցներին»։
Գործի մեկ այլ հակասություն վերաբերում է մաքսային փաստաթղթերին։ Թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ իրանցի գործարարները պնդում են, որ ներմուծման փաստաթղթերը կեղծվել են Հայաստանում։
Մինչդեռ Երեմ Սարգսյանի խոսքով՝ ներմուծումների ամբողջ գործընթացը կազմակերպել է հենց իրանական կողմը։ Փաստաբանը նշում է, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տարածք է տրամադրել, կառուցել և վերանորոգել տաղավարները, կատարել ներդրումներ, իսկ ապրանքների ներմուծման, մաքսազերծման և փաստաթղթավորման ամբողջ գործընթացը կազմակերպել են իրանական գործընկերները։
«Թե ի՞նչ ապրանք են բերել, մաքսազերծել են, կեղծիք են արել, չեն արել և այլն, այս նույն բաները արվել է մինչև Ծառուկյանի հետ ծանոթանալը 2019-2020 թվականներին, իրենք Ծառուկյանը ծանոթացել են 2022 թվականին։ Եթե իրենք նույն մեխանիզմը նախկինում արել են։ Ծառուկյանի հետ էլ ծանոթացել են 2022 թվականին, ի՞նչ կապ ունի Ծառուկյանը այս պրոցեսների հետ», – հարցադրում է անում փաստաբանը։
Թեմայի շուրջ հրապարակային քննարկումների ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նա ընդգծել է, որ Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին և հայտնել է, որ անձամբ մի քանի անգամ փորձել է միջնորդել կողմերի միջև՝ հարցը փոխզիջումային ճանապարհով լուծելու համար։
Միաժամանակ պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ նախաքննությունը պատշաճ գնահատական չի տալիս իրենց ներկայացրած փաստաթղթերին, այդ թվում՝ փոխառությունների և պարտավորագրերի վերաբերյալ նյութերին։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ եթե իրանական կողմն իր գործունեության ընթացքում թույլ է տվել կեղծիքներ, ապա դրանց պատասխանատվությունը պետք է գնահատեն իրավապահ մարմինները, սակայն միայն իրանցի գործարարների ցուցմունքների հիման վրա պնդել, թե առանց Գագիկ Ծառուկյանի որևէ գործողություն հնարավոր չէր իրականացնել, իրավական հիմնավորում չունի։
Միևնույն ժամանակ Իրանում նույն հարցի շրջանակում ընթանում է առանձին դատական գործընթաց։ Հայտնի է, որ գործով կան մեղադրյալներ։
Փաստաբան Երեմ Սարգսյանը իրանական գործի վերաբերյալ ֆեյսբուքում մանրամասներ է հայտնել․ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի ղեկավար Համլետ Թումանյանի գործողություններում որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։
«Դրանից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորություն վերադարձնել այդ գումարը երկու տարվա ընթացքում՝ մինչև 2026 թվականը»։
Սակայն պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո, իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով։ Այս գործողությունների նպատակը, փաստաբանի պնդմամբ, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։
Սեդա Կյուրեղյան


