
Թրամփը վստահեցրել է, որ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի, մինչ Նյու Յորքի քաղաքապետը դիտարկում է հնարավոր տարբերակները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում չի ձերբակալվի․ գրում է Reuters գործակալությունը։
Թրամփը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին չբացառեց նման զարգացումների հավանականությունը։
«Բենիամին Նեթանյահուն ոչ մի պարագայում չի ձերբակալվի, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում», – Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը՝ չանդրադառնալով Մամդանիի հայտարարությանը։
Միջազգային քրեական դատարանը 2024 թվականին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդեր էր տվել՝ նրան մեղադրելով Գազայում ռազմական հանցագործություններ կատարելու համար։
Նյու Յորքի քաղաքապետը շաբաթ հեռարձակված հարցազրույցում հայտարարել էր, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը ներկայումս ուսումնասիրում է՝ օրենքը նման իրավիճակում ինչ քայլեր է թույլ տալիս։
Հիշեցնենք, որ Մամդանին ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձերբակալությունը, եթե վերջինս սեպտեմբերին այցելի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։


