
«Մա՛մ, ցույց տուր մեր տունը»․ չորս տարեկանում թողած հայրենիքը չի մոռացվում
«Քո սրտի դավթարում է՞լ ոչինչ չկա գրած»․ ասում էր Պեպոն՝ ցույց տալու համար, որ թղթի վրա գրված պարտքը կարող է «ջնջվել», իսկ մարդու հիշողությունից՝ երբեք։
Այս տողերն այսօր այլ կերպ են հնչում արցախցիների ականջներում։ Հայրենիքը միայն քարտեզի վրա գծված սահման չէ, որ պատռես, չընդունես ու մոռացվի, ասում են արցախցիները՝ շեշտելով, որ այն ապրում է հիշողությունների մեջ, որոնք կապում են մեզ անցյալի հետ։
7-ամյա Արփին, մեծ ու կլոր աչուկներն արագ թարթելով, ասում է, որ երբ գնա Արցախ, առաջինը տուն կգնա։ Նա ծնվել է Ստեփանակերտում։ Արփիի ընտանիքը Արցախի հայաթափումից հետո է տեղափոխվել Երևան։
Այսօր արդեն դպրոցական աղջնակը, որը տան դուռը կողպելիս ընդամենը 4 տարեկան էր, ոչինչ չի մոռացել։ Հարցին, թե որտեղ էր իր տունը, ասում է․ «Մամ, ցույց տուր»։ Մայրն էլ ցույց է տալիս այն տեսագրությունը, որտեղ թոթովախոս Արփին պատմում է այն ճանապարհի մասին, որով անցնում էր տուն հասնելու համար՝ Հեքիմյանի Սուրբ Հակոբ եկեղեցուց մինչև «Կալցեվոյ»։
Արփիի հետ զրուցելիս մեզ է միանում 8-ամյա եղբայրը՝ Արթուրը։
«Ինձ համար Արցախը իմ կյանքն է», – ասում է Արթուրը։
Ի տարբերություն ամաչկոտ ու քչախոս Արփիի, որի հետ միայն մտերմանալուց հետո կարողացանք զրույցի բռնվել, Արթուրն ավելի անկաշկանդ է ու շփվող։ Բայց Արթուրը միայն խոսելով չի սահմանափակվում։
Նկարում է։ Նվագում։
Ոգևորված եղբոր տաղանդներից՝ Արփին էլ սկսում է ասմունքել՝ հարազատ բարբառով։
«Հիբ արևը քոն ինի,
Կիլականում վեր քեզ խտիմ,
Հիբը երկինքը հիլորվե,
Կիլականում կողքիդ նստիմի,
Ինձ ճինանչումըն քզանավ,
Քըզել գիդումն մզանավ»։
Հայրենիքը չի մոռացվում, ասում է փոքրիկների մայրը՝ Վիկտորյան։ Մարդիկ կարող են հեռանալ իրենց հողից, բայց հայրենիքի հիշողությունը, սպասումն ու վերադարձի հավատը մնում են։
«Երեխաների հետ հաճախ զրուցում եմ, որ մեր տան տեղը չմոռանան, Ստեփանակերտի տարբեր վայրերը չմոռանան։ Լինում են պահեր, երբ իրենք են ուզում, որ պատմեմ այդ ամենի մասին», -ասում է փոքրիկների մայրը։
Վիկտորյան իրենց տան մասին խոսելիս հուզվում է։ Ոչինչ չեն վերցրել իրենց հետ։ Ասում է՝ մեկ մեքենայի մեջ մի ամբողջ կյանք ինչպե՞ս տեղավորեին։
«Մի մեքենայի մեջ տեղավորվեցինք 6 հոգով, ու միայն մի քանի հագուստ վերցրինք։ Այդ շորերի մեջ թաքցրել էի մայրիկիս գործած եռագույն նախշերով հագուստները, որպեսզի հանկարծ չհանեն Հակարիի անցակետում», – պատմում է Վիկտորյան։
Պատերազմը փոխեց նրանց կյանքը, բայց ոչ հավատը։
«Կորուստը մեծ է, բայց մեծ կարող է լինել նաև հավատը, որի շնորհիվ կարող ենք հասնել մեր երազանքին։ Չկա մի արցախցի, որը չերազի վերադառնալ իր տուն», – ասում է նա։
Իսկ հնարավո՞ր է հաղթահարել հայրենիքից հեռու ապրելու ցավը։
Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով՝ կան կորուստներ, որոնք շատ դժվար է ընդունել իրականության մեջ։
«Մտերիմի մահը, երեխայի մահը, պատերազմում զոհված 18-ամյա երիտասարդի կորուստը կամ հայրենիքի կորուստը շատ դժվար է ընդունել։ Բայց այստեղ առաջանում է այլընտրանքային հարց․ եթե չընդունես, անընդհատ նյարդայնանաս, ջղայնանաս, տեղդ չգտնես՝ դրանից ինչ-որ բան կփոխվի՞։ Այս պարագայում պետք է հասկանանք, որ այս փուլում առաջնայինն առողջությունն է», – ասում է հոգեբանը։
Վիկտորյայի ընտանիքի պամությունը միակը չէ։ Հայրենիքի կորստի ցավը տարբեր սերունդներ են ապրել՝ տարբեր ժամանակներում։ Եթե արցախցիների հիշողություններում այսօր կենդանի են Արցախն ու այնտեղ մնացած հայրական տները, ապա մեկ այլ սերունդ իր սրտում մինչ օրս պահում է Նախիջևանի հայկական գյուղերի պատկերները։
Սվետլանա Պետրոսյան


