23 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կալանքը չի վերացնում ծնողական իրավունքը». ինչո՞ւ կալանավորված ընդդիմադիրներին չեն թողնում շփվել երեխաների հետ

«Կալանքը չի վերացնում ծնողական իրավունքը». ինչո՞ւ կալանավորված ընդդիմադիրներին չեն թողնում շփվել երեխաների հետ

Կալանավորված ընդդիմադիր գործիչներ Արեգնազ Մանուկյանի և Ավետիք Չալաբյանի՝ իրենց անչափահաս երեխաների հետ շփման սահմանափակման վերաբերյալ հնչող մտահոգությունների ֆոնին, փաստաբանները պնդում են, որ նման միջոցը չի կարող իրավաչափ համարվել, եթե չունի հստակ իրավական հիմնավորում։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ կալանքը չի նշանակում, որ անձը կորցնում է իր ծնողական իրավունքների իրականացումը։

«Մարդը շարունակում է մնալ ծնող։ Անազատության մեջ գտնվելը կարող է սահմանափակել որոշակի գործողություններ, սակայն դա չի նշանակում, որ նա պետք է զրկվի իր երեխային տեսնելու հնարավորությունից։ Տվյալ դեպքում կալանքը ոչ միայն ազատության սահմանափակում է, այլ նաև իր մեջ պատժիչ տարր է պարունակում, որովհետև սա արդեն հոգեկան տառապանք է ծնողի համար»,- նշել է նա։

Հարությունյանը նաև ընդգծել է, որ իրավական հիմնավորում չի տեսնում, թե ինչու անչափահաս երեխան պետք է զրկվի ծնողի հետ շփվելու հնարավորությունից՝ հավելելով, որ նման սահմանափակումների կիրառման պրակտիկայի չի հանդիպել ոչ քաղաքական գործերով։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանի քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս որոշ դեպքերում սահմանափակել կալանավորված անձի հաղորդակցությունը այլ անձանց հետ, սակայն այդ սահմանափակումը պետք է բխի գործի փաստական հանգամանքներից և ունենա բավարար իրավական հիմնավորում։

«Հաղորդակցության սահմանափակման հիմնական նպատակը վարույթի բնականոն ընթացքն ապահովելն է, օրինակ՝ կանխել այլ անձանց վրա հնարավոր ազդեցությունը։ Սակայն անչափահաս երեխայի հետ շփման սահմանափակման դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչ վտանգ է կանխվում»,- ասել է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նույնիսկ այն գործերով, որտեղ անձինք մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ, ընտանիքի անդամների հետ հաղորդակցությունը հաճախ չի սահմանափակվում։

«Հաղորդակցության իրավունքի սահմանափակումը կանոն չէ, այլ բացառություն, և դրա համար անհրաժեշտ են լուրջ փաստական ու իրավական հիմնավորումներ։ Անգամ եթե կան նման հիմքեր, դա դեռ չի նշանակում, որ անձը կարող է իր անչափահաս երեխայի միջոցով ազդել քրեական վարույթի վրա»,- նշել է փաստաբանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026