23 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակնա․ վերադարձի սպասող քաղաքի ազատագրման օրն է

Ակնա․ վերադարձի սպասող քաղաքի ազատագրման օրն է

Արցախյան պատերազմի հենց սկզբից Ակնան դարձել էր Ադրբեջանի կարևոր ռազմավարական հենակետը, որտեղից պարբերաբար ռմբակոծում էին Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։

Շուշիի ազատագրումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջնային խնդիրներից մեկը դարձել էր Ակնայի ռազմական հենակետերի վնասազերծումը, քանի որ հենց այդտեղից էին Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը պարբերաբար հրետակոծվում 152 միլիմետրանոց հրանոթներով և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Բայց քանի դեռ Ակնայի հենակետերը չէին վնասազերծվել, պահպանվում էր Ասկերանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման վտանգը, որը հաջողության դեպքում կարող էր վտանգել նաև Ստեփանակերտի անվտանգությունը։

Ակնայի ազատագրման գործողությանը մասնակցում էին Արցախի պաշտպանական բոլոր շրջանների ուժերը։ Գործողության հրամանատարներն էին Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը և Վիտալի Բալասանյանը։

Գործողության առանցքային նպատակներից մեկը «Ուղտի մեջք» կոչվող բարձունքի գրավումն էր, որտեղից հակառակորդը հրետակոծում էր Ստեփանակերտը։ Համառ մարտերից հետո հայկական ուժերը կարողացան շրջափակել Ակնան և կտրել հակառակորդի մատակարարման հիմնական ուղիները։

Հերոսական պայքարի արդյունքում հակառակորդը կրեց զգալի ռազմական և բարոյական կորուստներ։ Ակնայի ռազմական հենակետի վնասազերծումից հետո ադրբեջանական ուժերը կորցրին Արցախի արևելյան ուղղությամբ ռազմական գործողությունները համակարգելու կարևոր հնարավորություններից մեկը։

1993 թվականի հուլիսի 23-ին Ակնան և հարակից գյուղերն անցան Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Այդ օրը դարձավ Արցախյան պատերազմի կարևորագույն էջերից մեկը։

Սակայն Ակնայի պատմության հաջորդ մեծ շրջադարձը տեղի ունեցավ 2020 թվականին։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Աղդամի շրջանը հանձնվեց Ադրբեջանին։ Փաստաթղթով սահմանվում էր, որ շրջանը պետք է հանձնվեր մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։ Այսինքն՝ Ակնայի բնակիչներին մնացել էր ընդամենը 11 օր՝ լքելու իրենց տները, տարիներով կառուցած կյանքն ու հարազատ բնակավայրը։

Ակնան հայաթափվեց։ Հեռանալիս մարդիկ իրենց հետ տանում էին այն ամենը, ինչ հնարավոր էր՝ կենդանիներին, կահույքը, ընտանեկան լուսանկարներն ու անձնական իրերը։ Շատերը, չցանկանալով, որ իրենց կառուցած տները մնան թշնամուն, այրում կամ քանդում էին դրանք։

Քաղաքը, որի համար տարիներ շարունակ մղվել էր ծանր ու արյունալի պայքար, կրկին հայաթափվեց։ Ակնայից մարդիկ հեռացան՝ հոգու խորքում պահելով մեկ հույս՝ մի օր վերադառնալ իրենց տուն։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026