23 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկ վայրկյան, որը փոխեց կյանքը, բայց ոչ երազանքները

Մեկ վայրկյան, որը փոխեց կյանքը, բայց ոչ երազանքները

Մեկ վայրկյանը երբեմն բավական է, որ մարդու կյանքը բաժանվի երկու մասի՝ «մինչև» և «հետո»։ Անահիտի կյանքում այդ վայրկյանը չորս տարի առաջ էր։

32 տարեկանում տեղի ունեցած դժբախտ պատահարը փոխեց նրա առօրյան, հնարավորություններն ու սովորությունները։

«Ամուսնուս հետ գնացել էինք Արթիկ՝ իր հայրական տուն։ Պետք էր պոպոքը թափահարեինք, որ հավաքեինք։ Փորձեցի ներքևից, չստացվեց։ Բարձրացա ծառը, շատ պատահական ընկա։ Այդ պահին դեռ չէի պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում ինձ հետ, բայց անմիջապես զգացի, որ ոտքերս այլևս չեն շարժվում»,- պատմում է Անահիտը։

Այսօր նա տեղաշարժվում է սայլակով։ Ասում է՝ ամենադժվարը ոչ թե նոր պայմաններին հարմարվելն էր, այլ սեփական ուժերին կրկին հավատալը և հասկանալը, որ կյանքը շարունակվում է նաև այս իրականության մեջ։

«Ես առաջին օրվանից մտածել եմ, որ քայլելու եմ։ Սա պարզապես փորձություն է, որի միջով պետք է անցնեմ»,- ասում է նա։

Անահիտն այսօր 36 տարեկան է։

Դժբախտ պատահարից առաջ նրա կյանքը ոչնչով չէր տարբերվում հազարավոր մարդկանց առօրյայից՝ ընտանիք, երեխաներ, տնային հոգսեր, շտապողականություն։ Նա երբեք չէր մտածում քայլելու, վազելու կամ աստիճաններով բարձրանալու մասին։ Մինչև այն օրը, երբ այդ ամենը դարձավ նպատակ, ոչ թե սովորություն։

Բժիշկները նկարագրեցին վնասվածքը, բայց ոչ ոք չէր կարող նկարագրել այն ճանապարհը, որն սկսվում է այն պահին, երբ հասկանում ես, որ կյանքդ այլևս նույնը չի լինելու։

Անահիտը խոստովանում է՝ եղել են օրեր, երբ հուսահատությունն ավելի ուժեղ էր, քան ինքը։

«Մի օր այնքան էի նեղվել, որ անվասայլակս պատուհանից դուրս շպրտեցի»,- հիշում է նա։

Ասում է՝ ամենադժվար պայքարը ոչ թե մարմնի, այլ մտքի հետ էր։ Պետք էր ընդունել նոր իրականությունը, սովորել ապրել նոր պայմաններում և ամեն օր գտնել առաջ շարժվելու նոր պատճառ։

Այդ պատճառներից ամենամեծը նրա երկու որդիներն էին։

Այսօր նրանք արդեն սովոր են մայրիկին տեսնել անվասայլակով։ Դա նրանց համար ո՛չ տարօրինակ է, ո՛չ օտար։ Ընդհակառակը՝ Անահիտն ասում է, որ երբեմն զգում է՝ տղաները հպարտանում են իրենով, երբ տեսնում են, թե ինչպես է հաղթահարում նույնիսկ ամենափոքր դժվարությունները։

«Երեխաներս սովորում են Սեբաստացի կրթահամալիրում որտեղ ծնողների մասնակցությունը շատ կարևոր է։ Միջոցառումների ժամանակ բոլորը միասին պարում են ու երգում։ Ինձ համար ամենադժվար պահերից մեկն այն էր, երբ միայն հեռվից էի նայում, թե մյուս ծնողներն ինչպես են պարում իրենց երեխաների հետ»,– պատմում է Անահիտը։

Նա ժպտում էր, բայց սրտի խորքում ցանկանում էր լինել նրանց կողքին, բռնել որդու ձեռքը և պարել նրա հետ։ Գուցե հենց այդ պատճառով էլ ամենաշատը կարոտում է պարելը։

Սակայն երազանքները չեն ավարտվել։

Այսօր Անահիտը ցանկանում է ճանապարհորդել, բացահայտել նոր երկրներ․ նա երազում է նաև գրել իր առաջին գիրքը։

Անահիտի կարծիքով՝ կյանքը միշտ չէ, որ մարդկանց տալիս է ընտրության հնարավորություն։ Բայց այն միշտ թողնում է ընտրություն՝ ինչպես ապրել դրանից հետո։ Անահիտն ընտրել է ստեղծելը, ժպտալը, սիրելը, երազելը։

 Սվետլանա Պետրոսյան

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026