
Այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չենք վարում․ Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները՝ կետերով
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս պահին Թեհրանը Վաշինգտոնի հետ որևէ բանակցություն չի վարում։
Բաղայիի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․
- Այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չենք վարում․ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել այս թեմայով մամուլում շրջանառվող լուրերին։ Բանակցությունները, որոնք մենք վարում ենք և որոնք երբեմն կարող են տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, Օմանի հետ ընթացող բանակցություններն են՝ ուղղված Հորմուզի նեղուցի վերաբերյալ անհրաժեշտ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։
- Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ Միացյալ Նահանգները որոշի պատերազմի ժամանակացույցը։ Մենք մեզ կպաշտպանենք, երբ մեր շահերը դա պահանջեն, և, իհարկե, կօգտագործենք դիվանագիտական գործիքները, երբ դա նպատակահարմար համարենք։
- Այս պատերազմն, ԱՄՆ-ի կարծիքով, պետք է երեք օրում հանգեցներ Իրանի փլուզմանը և ստիպեր Թեհրանին հանձնվել, սակայն հինգ ամիս անց նրանք հայտնվել են իրենց իսկ ստեղծած փակուղում։ Ժամանակ առ ժամանակ ռազմական հանցագործություններ գործելը և դրանցով հպարտանալը պարզապես նշանակում է սեփական ձեռքերով ստեղծած խայտառակ իրավիճակում անօգնական պայքարել։
- Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է այն անարխիստների գործողությունները, որոնք Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող ժամակահատվածում իրականացնում էին ցուցադրական, սակայն չափազանց վտանգավոր քայլեր, որոնց հետևանքները տարածվեցին ամբողջ Եվրոպայում։
- Վերջին 4 տարիների ընթացքում Ուկրաինայի իշխանություններն իրենց երկիրը վերածել են տերությունների միջև աշխարհաքաղաքական պայքարի գործիքի։ Այս ընթացքում Ուկրաինան մեղադրել է տարբեր երկրների։ Փոխանակ կենտրոնանալու խնդրի լուծման և սեփական երկիրն, ինչպես նաև տարածաշրջանն՝ Արևելյան Եվրոպային, իսկ որոշ չափով՝ ամբողջ աշխարհին պարտադրված պատերազմից դուրս բերելու վրա, նրանք շարունակաբար մեղադրում են ուրիշներին։
- ԱՄՆ-ին բնորոշ վարքագծի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համագործակցության մասին գործարքն, ըստ էության, չգործեց 24 ժամից ավելի․ Վաշինգտոնը սկսեց պայմաններ առաջ քաշել։ Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը բոլոր երկրների իրավունքն է՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։
- Մենք ակնկալում էինք, որ Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունն ավելի խոհեմ կգործեր, քան նախորդը։ Ցավոք, տեսնում ենք, որ այն գործնականում շարունակում է նույն ուղին, գուցե նույնիսկ ավելի վատ ձևով։


