
Այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը․ Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությունների ու Դատախազության՝ դրանց ընթացք տալու մասին
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին կոչ արեց զբաղվել Միջազգային իրավական հարցերի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանով:
Փաշինյանը, դիմելով ԶԼՄ ներկայացուցիչներին, ասաց․
«Արբիտրաժի մասին հիշո՞ւմ եք՝ այստեղ ինչ խոսակցություն էր տեղի ունենում, որ արբիտրաժը բանը, ՀԷՑ-ը, ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը, բաները, կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ էս շենքում պարզվեց՝ իրենք մարդ ունեին, էդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում …
Բա ասում եք կոռուպցիա, բա էդ կոռուպցիա չի՞։ Իմիջիայլոց, որևէ մեկը հետաքննե՞լ է էդ մարդու գործունեությունը։ Որևէ մեկը քննե՞լ է՝ սա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ։ Էդ ի՞նչ կապեր են գործել։
Օգտվելով առիթից՝ հիմա հրապարակային հաղորդում եմ տալիս հանցագործության մասին։ Կարծում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո՛վն էլ, իրավապահ մարմիննե՛րն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է»:
Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց Դատախազությունից տեղեկացրին՝ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին արդեն ընթացք են տվել։
Արձագանքել է նաև Լիպարիտ Դրմեյանը՝ սոցցանցի իր էջում գրելով․
«Տեղեկացա, որ Կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերն իրականության հետ ոչ մի աղերս չունեն, եւ դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի, և այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։
Զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետևում է ՍԴ-ում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ և ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ է կիրառել ՔՊ-ն ընտրությունների ամբողջ ընթացքում։
Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»»։


