
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ կապերի ամրապնդումը կարևոր նշանակություն ունի․ ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը: Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։
Մեկնաբանելով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ Բաքվի և Երևանի միջև լարվածության կարգավորման ֆոնին, ինչպես նաև Պակիստանում Հայաստանի առաջին դեսպանի նշանակման հարցը, դիվանագետն ընդգծել է, որ «Հայաստանն, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»։
«Շատ տարիներ մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո ճանաչվել է Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտությունը», – նշել է Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին:
«Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման համար», – նշել է դեսպանը։
Վերջինս խոսել է Պակիստանում բնակվող հայերի մասին ու նշել, որ թեև քչերը գիտեն, բայց երկրի ամենաբարձր ռազմական պարգևը ստացած զինվորականներից մեկը հայկական ծագում ունի։
«Ես պատիվ եմ ունեցել այցելելու այս տարածաշրջանի բազմաթիվ երկրներ և հողեր: Մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ, և Հայաստանը դրանց շատ կարևոր մասն է կազմում: Ես տեսնում եմ, թե ինչպես են ներկայումս զարգանում մարդկանց միջև շփումները և գործարար կապերը Հայաստանի և Պակիստանի միջև։


