
Հայաստանը փորձում է բարձրացնել խաղադրույքը կամ պարզապես դիմել շանտաժի Մոսկվայի հետ հարաբերություններում․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանի ղեկավարությունը «սիրախաղ է անում» Կիևի ռեժիմի հետ՝ հարցեր առաջացնելով Երևանի՝ Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:
«Այսպես թե այնպես, վերոնշյալ գիծը, որի մի մասն անկասկած ցուցադրական «սիրախաղն» է Կիևի ռեժիմի հետ, լուրջ կասկածներ է առաջացնում Հայաստանի իշխող շրջանակների՝ Ռուսաստանի հետ իսկապես դաշնակցային հարաբերությունների պատրաստակամության առնչությամբ», – նշել է դիվանագետը։
«Եվ եթե Երևանը ձգտում է ապահովել, որ իր շահերը հաշվի առնվեն, ապա ինչո՞ւ Մոսկվան նմանատիպ հարց չպետք է ունենա իր հայ գործընկերներին։ Մինչ այժմ մենք տեսնում ենք, որ ՀՀ ղեկավարությունը մեր հարաբերությունների հեռանկարներն ընկալում է որպես միակողմանի երթևեկությամբ փողոց։ Եվ, իհարկե, մենք հույս ունենք ավելի իրատեսական և հավասարակշռված մոտեցման», – նշել է Ֆադեևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը փորձում է բարձրացնել խաղադրույքը կամ պարզապես դիմել շանտաժի Մոսկվայի հետ հարաբերություններում։
Այս քաղաքականությունը, ըստ Ֆադեևի, «ներառում է ռուսամետ գործիչների հետապնդում, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ արբիտրաժային գործընթացների սպառնալիքներ, որոնք հանրապետության պետական բյուջեի խոշոր հարկատուներն են, կամ Մոսկվայից միլիարդավոր դոլարների պահանջ այն նախագծերի համար, որոնցից գործող իշխանությունները չեն ցանկացել հրաժարվել իրենց քաղաքական կարիերայի արշալույսին»։
«Ի դեպ, նման բարձր հայտարարություններ անելուց առաջ, հավանաբար, արդար կլիներ ծանոթանալ իրավական շրջանակին, որը հստակ նշում է, թե ով ում ինչ է պարտք», – հավելել է նա։


